Սիրանույշ Դվոյան. Անհրաժեշտ է ոչ թե գաղափարախոսություն, այլ գաղափարներ, որոնք կհամախմբեն մարդկանց

Գրականագետ Սիրանույշ Դվոյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Ազգային գաղափարախոսություն» թեմայով քննարկման ժամանակ 

Աշխարհում գաղափարախոսության անհրաժեշտությունն առաջանում է ճգնաժամային իրավիճակներում, կամ գաղափարախոսությունները զարգանում են, երբ այդ ճգնաժամը այս կամ այն կերպ հաղթահարելու խնդիր է առաջանում: Դա ի՞նչ արդյունք է տալիս: 19-րդ դարում Հայաստանը չուներ պետականություն, և մշակութային ազգայնականությունը Հայաստանի համար ըստ էության կատարում էր մի դեր՝ ծնել ընդհանուր գաղափարներ, որոնց շուրջ կարող է համախմբվել հանրությունը: Դրանք ծնողները հիմնականում գրողներն էին, արվեստագետները, մամուլն էր՝ պարզ պատճառով, որ քաղաքական դաշտ չունեինք: Եվ միայն կուսակցությունների ստեղծումով է այս իրադրությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին փոխվում: Իսկ եթե գանք Խորհրդային ժամանակներ, ապա Հայաստանում տեղի էր ունենում այն, ինչ Միության ամբողջ տարածքում՝ շատ փոքր տարբերություններով: 60-ական թվականներից, իհարկե, օրակարգը փոխվում է: Ընդհանուր Խորհրդային Միության հանրային ու քաղաքական օրակարգն էր փոխվում, և այդ շրջանում հայաստանյան իրականության մեջ ի հայտ է գալիս ազգայնականության երկրորդ ալիքը, որն արդեն պայմանավորված էր Խորհրդային Միության տարիներին Հայաստանի կորցրած տարածքներով, Ցեղասպանության չլուծված խնդրով, նաև ստալինյան բռնաճնշումերի հետ կապված խնդիրներով: Ուրեմն՝ 60-ականներին ի հայտ եկած ազգայնականությունը, որ պիտի զարգանար 70-80-ական թթ.-ին, ծնունդ տար Երրորդ Հանրապետությանը և մեր այդքան փափագած ազգային պետություն ստեղծելուն, սերում էր այս խնդիրներից: 90-ական թթ., որը բեկումնային շրջան էր նաև հանրային գիտակցության մեջ, Ղարաբաղյան շարժման, իսկ հետո Ղարաբաղյան պատերազմի կոնտեքստում առաջ է գալիս ազգային գաղափարախոսության անհրաժեշտ լինելու և անհրաժեշտ չլինելու հարցը: Ես չծայրահեղացնեմ՝ թե  այսօր էլ կարիք ունենք ազգային գաղափարախոսության և որոշակի  ճգնաժամային իրադրության մեջ ենք, բայց ամեն դեպքում ուզում եմ դրա մասին խոսել հետհեղափոխական իրադրության մեջ, եթե ընդունում ենք, որ ապրիլին տեղի ունեցածը հեղափոխություն էր: Համենայն դեպս հանրային գիտակցության և իրականության մեջ որոշակի բեկման փուլ էր. սրանից ոչ մեկս չենք կարող հրաժարվել: Այս բեկման փուլը, բնականաբար, իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ ու տագնապներ, և այս տագնապներից է ծնվում գաղափարախոսություն ունենալու կամ ստեղծելու հարցը: Խնդիրը ոչ այնքան գաղափարախոսության անհրաժեշտությունն է, որքան գաղափարների անհրաժեշտությունը, ձևակերպված խնդիրների, որոնց շուրջ մարդիկ, առանձին խմբեր կկոնսոլիդացվեն և կգտնեն այդ խնդիրները լուծման տանելու ճանապարհը: Հիմա սա համարու՞մ եք գաղափարախոսություն, թե՞ ոչ: Ինքս չեմ համարում. սա գաղափարախսություն չէ, սա հանրային կյանքի զարգացման ձև է, երբ խմբերը գիտակցում են, որ ունեն որոշակի շահեր ու ցանկություններ, և ուզում են գտնել դրանք լուծելու կամ դրանք առաջ մղելու ճանապարհներ: