Վահրամ Վահրադյան. Գաղափարախոսությունը պետք է մեր բոլոր հնարավորությունները հասցնի առավելագույնի

Մաթեմատիկ, հասարակական գործիչ Վահրամ Վահրադյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Ազգային գաղափարախոսություն» թեմայով քննարկման ժամանակ

Երբ 90-ական թվականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, իսկ մենք հասարակ, անգամ հետամնաց ժողովուրդ ենք, և ոչ միայն ժողովուրդ, այլ նաև ազգ, ես հրաժարվեցի համագործակցությունից և գիրք գրեցի ազգային գաղափարախոսության մասին: Դա փաստացի առաջին գիրքն էր ազգային գաղափարախոսության մասին: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կուսակցությունը որակեցին այն որպես ֆաշիզմ, ինչը ինձ պատիվ էր բերում, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր այդպես ասում: Այնտեղ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ ազգային գաղափարախոսությունը, ինչ է դա տալիս մեր ազգին, ինչ նպատակով է կիրառվում և ինչպես կիառել ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում:

Ազգային ինքնագիտակցությունն է ազգին բերում ճիշտ ճանապարհի վրա: Ազգային ինքնագիտակցությունն է մեզ ստիպում հայ լինել: Մի փոքրիկ էքսկուրս անեմ: Երբ ես փոքր էի՝ մոտավորապես 10-12 տարեկան, ծնողներիս հարցնում էի, թե ինչու էր Հայաստանն այդքան մեծ, հետո փոքրացավ: Ու ինձ շատ զարմանալի բաներ պատմեցին, որ դասագրքերում չկային: Ես դրանից շատ ուժեղ բարկացել էի, ու որոշել էի կյանքս նվիրել իմ ազգին, որ մենք էլ զարգանանք, ինչպես մյուս բոլոր մեծ ազգերը:  Եվ այդ ժամանակ ես ինձ հարց տվեցի՝ իսկ արժե՞, մեր ազգը բավականաչափ լավ ա՞զգ է, որ ես իմ կյանքը նվիրեմ նրա խնդիրների լուծմանը: Ու սկսեցի փաստեր հավաքել՝ գնահատելու համար մեր ազգին: Իսկ ազգի գնահատականը նրա ներդրումն է համամարդկային քաղաքակրթության զարգացման գործում և նրա ներդրումը համամարդկային մշակութային գանձարան: Երբ ես ուսումնասիրեցի այդ փաստերը, որոնք, բնական է, չկային դասագրքերում, ես ապշել էի, թե ինչքան մեծ է մեր ներդրումը, անսահմանորեն ավելի մեծ է, քան ցանկացած ուրիշ ազգինը:

Ազգային մեր ամբողջ արժեհամակարգը խտացված է էպոսի մեջ: Օրինակ բերեմ. Դավիթը հաղթեց Մսրա Մելիքին, բայց ի՞նչ արեց դրանից հետո, բաց թողեց նրանց զորքին: Իսկ եթե Մսրա Մելիքը հաղթեր, նա կստրկացներ Հայաստանը, հարկ կդներ և այլն: Հիմա տեսեք՝ մենք համարում ենք, որ ճիշտը Դավիթն էր: Ինչու՞ ենք համարում, որ այս ազգը այդպես է մտածում. որովհետև էպոսը փոխանցվել է սերնդեսերունդ, բերանացի: Ու եթե, ասենք, ես համարեի, որ Դավիթը սխալ է արել՝ դե հիմարի մեկն է, էլի, բերեր գոնե ստրկացներ նրանց, հարկ վերցնեինք, հարստացնեինք մեր պետությունը, ուժեղացնեինք, իմ թոռանը ես կպատմեի իմ տեսակետը: Բայց ոչ մի տարբերակում չկա այդպիսի բան, ուրեմն՝ բոլոր պատմողները համարել են, որ Դավիթը ճիշտ է վարվել: Իսկ դա նշանակում է, որ խտացված մեր մտածելակերպն է այնտեղ:

Ազգային գաղափարախոսությունը իմ տեսակետով հետևյալն է. դա ազգային արժեքների, նպատակների, իղձերի և գաղափարների ամբողջությունն է՝ ինչ-որ կերպ ձևակերպված՝ կլինի գեղարվեստական գրականության մեջ, թե գիտական տեսքով: Կան այդպիսի շատ գաղափարախոսություններ: Կոմունիստական գաղափարախոսությունը ձևակերպված էր մանիֆեստում: Կար ֆաշիստական գաղափարախոսություն, որ նույպես ձևակերպված էր Հիտլերի գրքում՝ «Meine Kampf»-ում:

Երկրորդ հարցը՝ ինչու՞ է պետք այդ գաղափարախոսությունը: Գաղափարախոսությունը պետք է միտված լինի ազգի ներսում այնպիսի մթնոլորտ ստեղծելուն, որտեղ ազգը կարողանա լավագույնս իրեն դրսևորել, հասցնել օպտիմումի իր ներքին բոլոր հնարավորությունները, ամբողջ պոտենցիալը: Ինչպե՞ս դա կիրառել: Այստեղ իհարկե պետք է պետության աջակցությունը լինի՝ համապատասխան որոշումներով: Հայաստանը պետք է դառնա հայկականության տարածման կենտրոն: Սա այն հենասյուներից է, որից կառչելով՝ հայերը պետք է հայ մնան ամբողջ աշխարհում ու ձգտեն գալ Հայաստան: