Ծովինար Հարությունյան. Հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է, և ճիշտ քայլեր չանելու դեպքում մենք այս պատեհ հնարավորությունը կկորցնենք

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ» հադիպում-քննարկման ժամանակ

Երբ խոսում ենք ժողովրդագրության մասին, հիմնականում խոսում ենք ցածր ծնելիության մասին, մի քիչ խոսում ենք արտագաղթի մասին, բայց մնացած խնդիրները կարծես թե անտեսում ենք, մտածում ենք, որ ծնելիությունն է ամենակարևորը: Բայց քանի որ ժողովրդագրությունը շատ բազմաշերտ է, բազմաոլորտային, շատ ոլորտների հետ է առնչվում, մի քիչ ավելի խորքային ու լուրջ նայենք: Մենք գիտենք, որ Հայաստանի բնակչության 12 տոկոսը արդեն 60-ից մեծ բնակչություն է, և այդ տենդենցը շարունակվելու է: Ըստ մեր կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը 65+ բնակչությունը կազմելու է մոտ 24 տոկոս: Ի՞նչ է դա նշանակում. որ յուրաքանչյուրիցս 4-ը լինելու է 65+: Այսինքն դա մարդկության ամենամեծ հաղթանակներից մեկն է՝ այնքան զարգացում է ապահովել, որ մարդու կյանքի տևողությունը երկարում է: Բայց վերջին 20 տարիներին անընդհատ բացասական ժողովրդագրական զարգացումները բերել են այն իրավիճակին, որ մեզ մոտ ոչ միայն փոխվել է ֆիզիկական թվաքանակը, այլև փոխվել է բնակչության բուրգի կառուցվածքը՝ սեռատարիքային կազմով, տնտեսության վրա մեծ ազդեցություն է եղել, համայնքներում փոխվել է այդ բաշխվածության բալանսը, ինչպես նաև փոխվել է բնականոն հավելաճի խնդիրը, և արդեն կան մարզեր, որտե մահերի թիվը ավելի շատ է, քան ծնունդների թիվը: Մի ցուցանիշ էլ եմ ուզում բերել՝ կախվածության գործակիցը. սա տարեց մարդկանց և աշխատող բնակչության հարաբերակցությունն է: Եթե սովետական տարիներին՝ այն ժամանակ, երբ Հայաստանի բնակչության բուրգը բավականին լավ վիճակում էր գտնվել, 11 հոգի, կոպիտ ասած, աշխատող նպաստել են, որպեսզի հոգ տարվի թոշակառուի համար:  Այս բուրգը, այս կառուցվածքը փոխելու պատճառով այսօր հինգը մեկի հարաբերակցություն է: Եվ մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ գնալով ավելի քչանալու է՝ նույնիսկ երկուսը մեկի կամ մեկը մեկի հարաբերակցությամբ վատատեսական սցենարով: Այսինքն՝ սրա վրա պիտի անպայման ուշադրություն դարձնենք: Մեկ այլ ֆենոմենը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, գործընկերները տարիներ շարունակ խնդիրը բարձրաձայնեցին, քայլերն արվեցին: Սա այն խնդիրն է, որ ծնողները նախընտրում են տղա երեխա ունենալ: Երբ որ պատճառները հարցնում ես, ասում են՝ դե օջախի ծուխն է և այլն, և այլն: Արդյունքում ավելի շատ տղաներ են ծնվում: Երբ բնականը 105 տղա է 100 աղջկա դիմաց, մեզ մոտ 115 է 100 աղջկա դիմաց: Եվ մարզերում էլ շատ դասարաններ կան, որտեղ հիմնականում տղաներ են, նույնիսկ միայն տղաներ են, աղջիկներ չկան: Մի քիչ դրական միտում գրանցվել է, և վերջին տարիներին կարողացել ենք ապահովել 110-ը 100-ի հարաբերակցությունը, բայց այս տարիների ընթացքում անընդհատ շեղվածությունը եղել է: Տեսեք, 0-ից 19 տարեկանների շրջանում մենք 48 000-ով ավելի տղա ունենք ծնված, քան աղջիկ: Եթե նորմալ շեղվածությունը հանում ենք, մոտ 30 000-ով ավելի տղա ունենք, որոնք մտնում են ամուսնական տարիք և իրենց ամուսնական իարվունքներն իրոք սահմանափակվում է, և աղջիկների խնդիր ենք ունենալու: Իհարկե շատերն ասում են՝ կգնանք արտասահմանից հարս կբերենք, երեխա կունենանք, և բնակչությունը կավելանա, բայց փորձը ցույց է տալիս, որ հիմնականում գնում են, մնում, և դա էլ արտագաղթի պատճառ կարող է հանդիսանալ: Շատ երկրներում գյուղական համայքներում ծնելիությունն ավելի բարձր է, քան քաղաքային համայնքներում: Մեր իրավիճակը հակառակն է, այստեղ խորքային ուսումնասիրություն է պետք անել, բայց մենք մի քանիսը նշեցինք. մարզերից արտագաղթը շատ է, արտագաղթում են հիմնականում երիտասարդները և այլն: Անպտղության մասին ենք մոռանում: Լուրջ հետազոտության կարիք կա, որպեսզի ունենանք վստահելի տվյալներ, թե անպտղությունը ինչ տոկոս է կազմում: Գիտեք, որ կա առաջնային և երկրորդային անպտղություն: Առաջնային անպտղության ժամանակ մարդիկ ընդհանրապես չեն կարողանում երեխա ունենալ, ի ծնե է, կամ այլ պատճառներ ունի: Երկրորդային անպտղությունը ձեռքբերովի է. մեկ երեխա ունեն, բայց այլևս չեն կարողանում ունենալ: Միջազգային փորձը ցույց ա տալիս, որ հիմնականում սեռավարակների և ոչ ապահով, անվտանգ աբորտների արդյունքում է երկրորդային անպտղությունը առաջանում: Այսինքն՝ մենք մեծ թվով զույգեր ունենք, ովքեր ուզում են երեխաներ ունենալ, սակայն չեն կարողանում: Եվ շատ կարևոր է, որ անպտուղ զույգերը պետական աջակցությամբ կարողանան երեխաներ ունենալ: Մեկ ցուցանիշ էլ ասեմ. շատ կարևոր է բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում: Մեր հետազոտությունները ցույց  էին տալիս, որ հարցվողների 44 տոկոսը իրենց ապագան, իրենց երեխայի ապագան չեն կապում Հայաստանի հետ: Այս հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է, և եթե այսօր օր առաջ, ժամ առաջ ճիշտ քայլեր չիրականացվեն,  սա էլ կկորչի, ու մենք այս պատեհ հնարավորությունները կկորցնենք:

Ուրախ լինելով, որ այս տարի դրական միտումներ են սկսել արձանագրվել, իսկ բացասական միտումները սկսել են կրճատվել՝ ուզում եմ հիշեցնել, որ ամուսնական տարիք են մտնում 90-ական թվականներին ծնվածները, և 40 տոկոսով այդ կապիտալն ավելի քիչ է, քան 90-ական թթ.-երին: Ուզում եմ ֆիքսենք, որ այն երկրներում, որտեղ հարատև ծնելիությունը ցածր է եղել, ինչպես Հայաստանում (մեզ մոտ վերջին տարիներին գործակիցը 2.3-ից նվազել է ու 1.6 է արդեն երկար տարիներ), նույնիսկ այն պետություններում, որոնք մեզանից շատ հարուստ են, շատ դժվար է եղել հասցնել պարզ վերարտադրության, որ 2.1 է: Սա պետք է հիշենք: Այսինքն՝ հույս չունենանք, որ ծնունդների թիվը հեսա կտրուկ աճելու է: Պետք է շատ համբերատար լինենք, մի շարք ոլորտներում պիտի բարեփոխումներ իրականացվեն՝ առողջապահության, բիզնեսի և այլն: Ամբողջ սպեկտորը պետք է ծածկվի: Յուրաքանչյուր անհատի որոշման հետ խնդիր ունենք, և, ի ուրախություն մեզ, մենք ունենք դեռ հնարավորությունների պատուհան:

Աշխատատեղերի, բավարար աշխատավարձի, աշխատաշուկայի լուրջ ուսումնասիրության կարիք ունենք: Վերջիվերջո, շատ կարևոր են բնակչության քանակը և որակը, այսինքն՝ միայն քանակի հետևից չպետք է ընկնել: Ավելի ինդուստրիալ, տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջան ենք մտնում, որը շատ բան փոխում է: Շատ քիչ երկրներ կան, որոնք կարողացել են քիչ բնակչությամբ ֆանտաստիկ տնտեսական աճ գրանցել: Ինչու՞, որովհետև այսօրվա մոտեցումները, տենդենցներն այլ են, եթե ճիշտ օգտագործենք: Հաջորդը բնարանային պայմանների բարելավումն է: Ծառայությունների հասանելիությունը շատ կարևոր է: Շատ կարևոր է վաղ տարիքի երեխաների զարգացման կենտրոնների հասանելիությունը:

Այն երկրների փորձը, որտեղ հաջողության են հասել, ո՞րն է. ֆոկուսը դրել են աշխատանքի և կարիերայի վրա՝ այնպիսի մոդել ստեղծել, որ երեխա ունենալը ռիսկ չդիտվի իմ և իմ երեխաների, իմ ընտանիքի բարեկեցության վրա:

Ի՞նչ հնարավոր է անել.

·         վճարովի ծնողական արձակուրդ,

·         դայակի ինստիտուտի ստեղծում,

·         այն մայրը, ով ուզում է սովորել, ընտանիք կազմել և երեխա ունենալ, ուսման վճարի փոխհատուցում ստանա,

·         այն կինը, որն աշխատում է, ուզում է երեխա ունենալ, վստահ լինի, որ ունենալուց հետո կարող է գալ աշխատաշուկա,

·         Կես դրույքով աշխատատեղերի ստեղծումը, բայց որը ապահովում է ամբողջական սոցիալական փաթեթ:

 

Այս տարբերակը Նիդերլանդներին և շատ-շատ երկրներին օգնել է ծնելիության մակարդակը ահագին մեծացնել:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հույսը միայն ֆինանսական աջակցության, նպաստների վրա դնելը չի աշխատում: Կարող է շատ կարճաժամկետ, խաբուսիկ դրական տեղաշարժ գրանցենք, բայց այն ծնողները, որոնք այսպես թե այնպես նախատեսել են էլի երեխաներ ունենան, ավելի արագ կունենան, բայց այս դեպքում ժամկետն է կրճատվում: Իսկ նա, ով չէր պլանավորում երեխա ունենալ, դա գրավիչ գործոն չէ նրա համար՝ հաջորդ երեխան ունենալու: