Հրանտ Միքայելյան. Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումերի՝ Հայաստանը ամենամեծ դեպոպուլյացիա ապրող երկրներից է

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ» հադիպում-քննարկման ժամանակ

Ժողովրդագրության առկա իրավիճակը հասկանալու համար պետք է փորձենք գնահատել բնակչության իրական թվաքանակը: Ազգային վիճակագրական ծառայությանը երբեք չի հաջողվել մշտական բնակչությունը ճիշտ հաշվել: Ես այդ հաշվարկները վաղուց եմ անում, և կարող եմ ասել, որ փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի սահմաններից ներս գտնվել է 2 մլն 802 հազար 590 մարդ: Շատերը երևի կասեն, որ սա ավելի շատ է, քան իրենք կանխատեսել են: Սակայն ես դրան համաձայն չեմ: Սա բարետեսական ցուցանիշ է, որովհետև, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումերի, Հայաստանը ամենամեծ դեպոպուլյացիա ապրող երկրներից է, և 2050 թվականին նրա բնակչությունը պետք է նվազի՝ դառնա 2.7 մլն: Իրականում, եթե վերջին 20 տարվա տեմպը շարունակվիկունենանք մոտավորապես 2.1 մլն բնակչություն, և դա, իմ կարծիքով, բավարար չէ կրիտիկական ենթակառուցվածքների պահպանման համար:

Ժողովրդագրական մեր ամենամեծ խնդիրը, զուտ քանակի փոփոխության տեսանկյունից, միգրացան է: Վերջին 30 տարիների ընթացքում միգրացիան պայմանավորել է բնակչության մոտավորապես 70 տոկոս շարժը: Ինձ թվում է՝ լուծումը պետք է այստեղից սկսվի:

Գլխավոր մտահոգությունն այն է՝ Հայաստանը կանցնի՞ այն շեմը, երբ չի կարող կրիտիկական ենթակառուցվածքները պահպանել: Այստեղ խոսքը և՛ սոցիալական ենթակառուցվածքների մասին է, և՛ ռազմական: Հիմա՝ ո՞րն է միգրացիայի պատճառը: Առաջին և կարևորագույն պատճառը գործազրկությունն է: Իսկ այս խնդիրը խորն է. մոտավորապես 500 հազարով ավելի աշխատատեղ է պետք, որպեսզի մենք կարողանանք առկա բնակչությանը պահել: Եվ դա դրական կազդի արդեն այլ ցուցանիշների վրա՝ այդ թվում ծնելիության, մահացության և այլն:

Մենք ունենք հետազոտություն, որը կատարվել է Հայաստանում ու Վրաստանում, երիտասարդության մասին ուսումնասիրություն՝ արված 2011-12 թվականներին: Երիտասարդներին, ըստ տարիքային բաժանման, հարցնում են՝ ուզո՞ւմ եք Հայաստանում ապրել, թե՞ ոչ: 17 տարեկանից բարձր արդեն ուզում են արտագաղթել: Ինչու՞, որովհետև նրանք մուտք չունեն աշխատաշուկա: Մեր գործազրկության վերաբերյալ վիճակագրությունը այդքան էլ ճշգրիտ չէ: Մենք ունենք 25 տոկոս քաղաքային գործազրկություն. մոտավորապես 800 հազար մարդ ունենք, ով տնտեսապես ոչ ակտիվ բնակչություն է հանդիսանում, ընդ որում՝ նրանք այլ պարագաներում կաշխատեին: Դրա համար հենց 500 000 աշխատատեղ եմ ասում: Բացի դրանից՝ գործազրկությունը իսկապես մեծ խնդիր է ինչու՞. որովհետև տարեկան արտադրողականության աճը 6 տոկոս է, ՀՆԱ-ի աճը 4.5 տոկոս է (վերջին 8 տարվա մասին է խոսքը), այսինքն՝ տարեկան 1.5 տոկոսով կորցնում ենք աշխատատեղերի քանակը, և այս խնդիրները խորանում են: Հենց այդ պատճառով ես նախընտրում եմ չլինել բարետեսական: Ես կարծում եմ, որ այս տարի՝ 2018 թ., արտագաղթի պատկերը եղել է դրական: Ես խոսում եմ սահմանահատումների մասին, որը կարևոր է: Գուցե 2019 թվականին կունենանք դրական պատկեր, դրանից հետո, ինձ թվում է, մենք միտումներին կվերադառնանք բացասական սայդով, ու այս խնդիրը պետք է լուծվի շատ արագ:

Ծնելիության խնդիրը. 1986 թվականին ունեցել ենք 81 200 ծնված երեխա, իսկ անցած տարի՝ 36.5 հազար, եթե չեմ սխալվում: Սա մեծ տարբերություն է, բայց այստեղից պետք է գանք հաջորդ քայլին՝ ապագայում ինչ կարող ենք անել: Գուցե կարողանանք մի քանի հազարի փոփոխություն անել, բայց միգրացիայի դեպքում մենք կարող ենք շատ ավելի մեծ տարբերություն ունենալ: Դրա համար ես առաջարկում եմ ամենամեծ ուշադրությունը դարձնել միգրացիայի վրա և ոչ միայն հայերի: Այսինքն՝ Միջին Արևելքում մենք բարեկամ ժողովուրդներ ունենք, այդ թվում այն ժողովուրդները, որոնց հայրենիքը նաև  այստեղ է՝ ասորիներ, եզդիներ: Նրանց էլ կարող ենք խրախուսել, որ գան Հայաստան: