Արայիկ Հունանյան. Սևանա լիճը ավելի շատ կեղտոտվում է շրջակա համայնքներից

«Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

 Հնչեցին կարծիքներ, տվյալներ Սևանի հանգստյան գոտիներից եկող կեղտաջրերի հետ կապված: Սևանա լիճը ավելի շատ կեղտոտվում է համայնքներից: Սևանա լճի ափին ռեստորաններից մի քանիսն են, որ մշտական գործող են: Հիմնականում սեզոնային, 2-3 ամիս աշխատող հանգստյան գոտիներ են, մարդիկ գալիս հանգստանում, գնում են: Ու ոչ մի հանգստյան գոտի իր կեղտաջուրը չի հանի լցնի հենց իր ափը, որտեղ մարդիկ լողանում են. էնտեղ մարդ չի գնա: Իրենք ունեն հորեր, դիֆուզիոն ճանապարհով է անցնում ջրի մեջ, բայց այն ձևով չէ, ինչ որ գետերում: Եթե մենք տեսնենք մեր գետերը, ձկների ձվադրման համար հանդիսացող գետերը հիմա ինչ վիճակում են, և ձուկ չի ձվադրվում: Բա որ այդ գետերը անցնում են համայնքներով, ինչ տեսակ աղբ ասես, լցվում է ուղիղ գետը: 3 մեխանիկական մաքրման կայանները, որ ասեցին, շատ կարևոր են: Պատկերացրեք՝ 3 մեծ քաղաքներ. Գավառ քաղաքը 25-30 հազար բնակչություն ունեցող քաղաք է, ամբողջ կոյուղին հավաքվում է, գալիս է լճից մի երկու կիլոմետր հեռավորությոան վրա ընդամենը մեխանիկական մաքրման ենթարկվում. կոշտը անջատվում է, մնացածը լցվում գետը, ու մեկուկես կիլոմետրից լիճն է: Նույնը Մարտունի քաղաքը, նույնը Վարդենիս քաղաքը: Սևանա լճի մոտ 75 համայնքներ ոչ կոյուղագիծ ունեն, ոչ մի բան: Այսինքն՝ ավելի մեծ խնդիր է համայնքների կոյուղացումը, դրանց կեղտաջրերի մաքրումը: Շատ ավելի կարևոր է, քան հանգստյան գոտիներինը, որոնք մեկ-երկու ամիս են շահագործվում: Ճիշտ է, այնտեղ էլ են աշխատանքներ կատարվում. մի քանի ռեստորաններում «Քիմմաստերից» մաքրման կայաններ են տեղադրվել, սեզոնային փոքր հանգստյան գոտիների տարբերակն էլ է քննարկվում, որ ամեն մեկը առանձին չտեղադրի, այլ մի քանիսը միացվեն, ու մի մաքրման կայան տեղադրվի: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց շատ ավելի կարևոր է  համայնքների հարցը: Դրանք էլ մեծ ծախսերի հետ են կապված, երևի պետք է պետությունը ինչ-որ ձևով հնարավորություններ գտնի, ներդրողներ գտնի: