Գևորգ Թադևոսյան. Ջուրը ազգային անվտանգության հարց է

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր Գևորգ Թադևոսյանի խոսքը Նախաձեռնության կազմակերպած «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

 Շատ կարևոր է այս խնդիրը, ազգային անվտանգության հարց է բառիս ամենաբուն իմաստով: 90-ական թթ. Հայաստանում կոլապս չի եղել Սևանի շնորհիվ: Սևանի շնորհիվ մենք ունեցել ենք այլընտրանքային էներգիայի աղբյուր: Այդ հարցը կարևորելով՝ կազմակերպել ենք այս քննարկումը,  ու շատ կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը փոխադարձ հարգանքի, փոխադարձ համերաշխության հիմքի վրա ներկայացնեն խնդիրը, ու փորձենք լուծումներ գտնել: Իրար չլսելով, իրար չհարգելով, ամեն մեկս տակից մեր գործն առաջ բրդելով, տակից մեր ուզածն անելով ենք հասել դրան՝ որ Սևանը ճահճացման վտանգի առաջ է: Դրանով ենք հասել, որ ստորջրյա աղբյուրներ գրեթե մինիմալիզացված են Հայաստանում, համարյա չկան, ու մենք կատաստրոֆայի առաջ ենք կանգնելու: Դրանով ենք հասել, որ կոյուղաջրով է ոռոգվում գյուղմթերքը: Հանցագործություն է դա: Հայաստանում տեղումների տեսքով գալիս է միջինը մոտ 7 միլիարդ 200 մլն խմ ջուր, որից ունենք նաև ստորջրյա հոսքեր՝ մոտավորապես 4 միլիարդ խմ: Ոռոգման համար մեզ պետք է ընդամենը 500 մլն խմ. որտեղ 7 միլիարդը, որտեղ 500 մլնը: Բայց ամեն տարի հարձակվում ենք Սևանի վրա: Գումարած դրան՝ կոյուղաջրերը, որ թափվում են Սևան, ծանր մետաղները և այլն: Արդյունքում՝ Սևանը սկսել է ծաղկել, այսինքն՝ Սևանը սկսել է ճահճանալ: Սևանի ճահճացում նշանակում է մենք զրկվում ենք մեր առանցքային ջրային ավազանից, նշանակում է կլիմայի փոփոխություն… Եթե 21-րդ դարը և մինչ այս եղած դարերը վառելիքի դար են եղել, հաջորդը՝ որպես բնական անհրաժեշտություն, ջուրն է լինելու տարածաշրջանում: Մեզ՝ որպես բարձրադիր երկրի, Աստված ջուր է տվել, ու այն, ինչ որ մենք անում ենք մեր վաղվա ռեսուրսի, վաղվա հարստության հետ, ուղղակի կատաստրոֆա է: Էլի եմ ասում՝ ազգային անվտանգության հարց է և՛ ջրային ռեսուրսների պահպանումը, և՛ ջրային ռեսուրսների մաքրումը, և՛ վերականգնումը: Հիմա 3-4 տարվա պատմություն էլ կարող ենք պատմել՝ թե ինչ սիստեմ է եղել, ինչ կապեր են եղել, ոնց են աշխատել և այլն: Բայց այսօր այս խնդիրը ունի մի լուծում, որ շահագրգիռ կողմերը՝ կլինեն մասնագիտական, բիզնես թե ուղղակի հանրային, միավորվեն, դուրս բերենք բոլոր խնդիրներն ու առաջարկները, դրանց հիման վրա առաջարկների փաթեթ ներկայացնենք պատկան մարմիններին: Ես հավատացած եմ, որ ճիշտ ձևակերպումներ ներկայացնելու, միասնաբար պայքարելու պարագայում, փոխադարձ հարգանքի, համերաշխության մթնոլորտում մենք հաստատ կհասնենք մեր արդյունքին: Կա՞ ուրիշ իրավիճակ: Չկա: Այսինքն՝ մենք հասել ենք այն կետին, որտեղից այն կողմ կանգնած ենք մեր ռեսուրսները կորցնելու վտանգի առաջ: