Իգոր Սարգսյան. Սևանը կարող է ֆինանսական մեծ օգուտներ բերել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Սարգսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Առաջնահերթություններից առաջին տեղում, իմ կարծիքով, Սևանն է՝ որպես քաղցրահամ ջրի մեծ ամբար, որի կառավարումը, պահպանությունը, նաև ճիշտ, տեղին օգտագործումը կարող են մեր երկրին շատ  մեծ օգուտ բերել, բացի գեղագիտական կողմից նաև ֆինանսական օգուտներ բերել: Այդ քանակի քաղցրահամ ջուր ունենալը մեծ հարստություն է, շատ մեծ. չենք էլ պատկերացնում՝ ինչքան մեծ հարստություն կարող է լինել, մանավանդ որ տարածաշրջանի երկրները ջուր չունեն: Երկրորդ հիմնախնդիրը ջրի հետ կապված, ես կարծում եմ, Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրավազանն է, որտեղից մեծ քանակությամբ քաղցրահամ ջուր է դուրս գալիս: Բնականաբար, ջրի օգտագործման ընթացքում ջրի աղտոտման խնդիրներն են միանշանակ առաջնահերթությունների մեջ: Ասեմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր վերափոխումների մեջ է, բայց իր առաջ դրել է հատկապես հասարակության հետ, մասնագետների հետ ակտիվ աշխատելու, իր լծակները կիրառելու՝ բանականության, խոհեմության սահմաններում իհարկե, օրենքով սահմանված իր լիազորությունները միանշանակ կատարելու խնդիրները: Մենք արդեն պատրաստել ենք մեր գործունեության ծրագիրը, որտեղ հստակ երևում է՝ ինչ ուղղություններին ենք ուշադրություն դարձնելու՝ այսպես ասած, մատների արանքով չնայելով, մեր միջոցները ճիշտ ուղղորդելով: