Մեր գիտությունը` երեկ, այսօր, վաղը. Աշոտ Չիլինգարյան

Խորհրդային միության փլուզումից հետո ամեն ինչ կտրվեց: 

Չկային սնունդ, ֆինանսներ, էլեկտրասնուցում և այլն: Հարց առաջացավ` ինչպե±ս շարունակել ու պահպանել առկա գիտական ներուժը: Ըստ իս` Հայաստանի նման փոքրամասշտաբ երկիրը երբեք չպետք է հիմնարար գիտություն ունենար, եթե մաս չկազմեր Սովետական Միության, որովհետև եվրոպական զարգացած երկրները (օրինակ` Իռլանդիան) չունեն մեծ սարքավորումներ, չունեն ֆիզիկայի պետական ինստիտուտներ, ունեն միայն համալսարաններ, որտեղ կան հիմնարար գիտություններով զբաղվող փոքր խմբեր: Խոշոր պետությունների համար հիմնարար գիտությունը սովորաբար համարվում է մեծ հարստություն, իսկ Հայաստանի համար պարզվեց` մեծ փորձանք էր, որովհետև միշտ ասում էին` ինչ անենք, ոնց անենք, որ մի բան կրճատենք, քիչ ֆինասներ ծախսենք: Մի խոսքով, ԽՍՀՄ-ի անկումից հետո այն դարձավ իսկական բեռ: Հարց էր ծագում` ինչպե±ս վարվել այդ ահռելի հարստության հետ: Հենց սկզբից ամեն ինչ սխալ արվեց: Իրականում պետք է նախ որոշվեր, թե որ ուղղություններն է անհրաժեշտ ֆինանսավորել ու զարգացնել, և որոնք` փակել: Դա առավել ազնիվ և արդյունավետ կլիներ: Բայց այդպես չարվեց: Չեղավ առաջնահերթությունների տարանջատում: Պարզապես բոլորին հացի փող տվեցին մի կերպ գոյատևելու համար: Արդյունքում ստացվեց այն, որ մենք կորցրեցինք մեր ամենաբեղմնավոր գիտական ներուժը: Մեր հեռանկարային գիտնականները դրսում որոնեցին ու գտան աշխատանք:

Պարզ է` միայն փող բաժանելով գիտություն չես զարգացնի:

Մեր գիտության ներկայիս չգոհացնող վիճակը կախված է ոչ միայն ֆինանսական սղությունից, այլ նաև մենեջմենթի անորակությունից, ռազմավարական մոտեցման բացակայությունից: Կար թյուր կարծիք, որ եթե շատ մարդիկ արտագաղթեն Հայաստանից, աշխատեն օտար երկրներում և փող փոխանցեն հայրենիք, ապա մեր պետությունը կշահի դրանից: Մինչդեռ իրականում այդ վաստակը օգուտ բերեց ուրիշ երկրներին: Ըստ մոտավոր հաշվարկների` ԱՄՆ-ի գիտական հիմնարկությունում կամ համալսարանում աշխատող ամեն մի ֆիզիկոս իր կարիերայի ընթացքում մոտ 10 մլն դոլարի օգուտ է տալիս պետությանը: Երևանի ֆիզիկայի ինստիտուտից առնվազն 20 ֆիզիկոս է մեկնել, հաստատվել ու աշխատել ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի ՙՋեֆերսոն՚ լաբորատորիայում: Դա նշանակում է, որ միայն մեր ինստիտուտից 200 մլն դոլարի օգուտ է տրվել Միացյալ Նահանգներին: Հիշյալ լաբորատորիան ունի մեծ արագացուցիչ ու գրեթե 30 տարի է` համագործակցում է մեր ինստիտուտի հետ: Եվ այն կոպեկները, որոնք օգնության տեսքով ստանում ենք ԱՄՆ-ից, իրականում ոչ մի օգնություն էլ չի, այլ մեր տվածի կիսատ հատուցումը: Հատուցում այն ծառայությունների, որոնք Հայաստանն իր աղքատ վիճակով տվել է աշխարհի ամենահարուստ երկրին: Պարզապես մենք պետք է գիտակցենք, որ մեր հարստությունը փոշիացրել, տվել ենք ուրիշներին: Նույնը` Գերմանիայում, նույնը` Շվեյցարիայում:

Մեզանում գիտության զարգացման խոչընդոտներից են վատ բուհական դասավանդումը, գիտական ինստիտուտների չկարգավորված վիճակը: 

Բազմաթիվ ինստիտուտներ ունենք, որոնք չգիտես` ինչով են զբաղված: Չկա հաշվետվությունների քննարկման, համեմատման հստակ կարգ, այդ պատճառով էլ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ մնում են գիտության մեջ, բայց չեն ծառայում նրան: Ամեն տարի նույն հաշվետվություններն են ներկայացնում: Իրական գիտնականները քիչ են: Գիտնական լինելը կոչումով չի լինում, այլ ամենօրյա տքնաջան զբաղվածությամբ:Կառավարությունը պիտի այդպիսի մարդկանց առանձնացնի և ֆինանսավորի: Միացյալ Նահանգների պես երկիրը չունի գիտության դոկտորի պաշտոն, որին այստեղ շատերն են ձգտում: Հարկավոր է ամեն ինչը կարգավորել` ըստ մեր մասշտաբների: Պետք է վերացնել դոկտորի, պրոֆեսորի կոչումները, վերացնել ակադեմիայի թղթակից անդամի կարգը, և, ընդհանրապես, ակադեմիա մեզ հարկավո±ր է, թե± ոչ: Այ, այսպիսի պարզ ու էֆեկտիվ հարցեր պետք բարձրացնել: Եկեք կոչումներով չուռճացնենք ամեն բան: Հիմա աշխարհում կա գիտությամբ զբաղվողի աշխատանքը գնահատելու շատ հետաքրքիր, հնարավորինս օբյեկտիվ մի համակարգ: Դա առանձին գիծ է և կոչվում է գիտաչափողականություն: Ինչո±վ է գիտնականը հայտնի: Իր աշխատություններով: Ինչքան էլ դու խելոք լինես, գյուտ անես, բայց թաքցնես, ուրեմն` դեռ գիտնական չես, քան որ դու պիտի անպայման հրատարակես նյութդ: Այն պիտի քննադատվի, ընդունվի և դառնա գիտության մաս: Եթե այն չի հրատարակվում, դրան հղում չեն տալիս, նշանակում է  դու չես դառնում այդ գործընթացի մասնիկը: Չափանիշները հետևյալն են. ինչքա±ն են տվյալ գիտնականի նյութերը հրատարակվել բարձ վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում ու հանդեսներում, ինչքա±ն են դրանց հղում տալիս, ինչքա±ն ասպիրանտներ է պատրաստել տվյալ գիտնականը  և այլն: Գիտաչափողական այդ համակարգով կարելի է գնահատել Հայաստանի բոլոր գիտնականներին և հասկանալ` ով ով է: Ցավոք, մեզ մոտ գիտական կոչումներ տվել են նաև այն աշխատությունների համար, որոնք հրատարակվել են միայն ու միայն Հայաստանում, որոնց ոչ մի հղում չի եղել: Ինչի± համար փոքր Հայաստանում գիտական կոչումի երկաստիճան (թեկնածու, դոկտոր) համակարգ պետք է լինի, երբ Եվրոպայում և ԱՄՆ-ում նման բան չկա: Դա ԽՍՀՄ-ից ժառանգած բեռ է, որից պետք է օր առաջ ազատվել:

Վերջին 20 տարում գիտությունը Հայաստանում զարգացել է ինքնաբուխ: 

Ով ուներ գիտական դպրոց, նյութ, գյուտ, խելք` դրամաշնորհ (գրանտ) էր շահում և զարգացնում իր նեղ ուղղությունը: Մեկնում էր արտասահման, գումար վաստակում, եթե էգոիստ չէր, աշակերտներին էլ էր բաժին հանում: Ահա, այդ ձևով էր զարգանում, ով ինչ-որ բան հաջողեց` հաջողեց, ով չէ` չէ: Մարդիկ սովորել են իրենց գլուխը պահել, հայկական գիտությունը այդ վիճակում է: Հավաքել այդ մարդկանց ու նրանցից սարքել բռունցք` շատ-շատ բարդ է: Լավ կլինի, որ կառավարությունը զբաղվի փոքր և միջին բիզնեսի զարգացմամբ, որովհետև դեռևս հեռու է գիտության խնդիրները հասկանալու մակարդակից: Կառավարության մեջ ես չեմ տեսնում մարդկանց, ովքեր կկարողանան այդպիսի բարդ հարցեր ընկալել ու առաջ մղել: Ես կարող եմ կառավարությանը կոչ անել աջակցել համակարգչային ծրագրավորման գործին: 15 տարում ոչ մի առաջխաղացում ես չեմ տեսնում այդ ոլորտում: Այն ժամանակ էլ կար 5000 ծրագրավորող, հիմա էլ, թիվը նույնն է, չնայած ամեն տարի շրջանավարտներ ունենք: Մեր բուհերը չեն կարողանում որակյալ ծրագրավորողներ պատրաստել: Կառավարությունը թող ստեղծի նպաստավոր պայմաններ բարձրակարգ ծրագրավորողների համար, որ նրանք իրենց ֆիրմաները ստեղծեն, իրենք տեր դառնան իրենց բիզնեսին, ոչ թե աշխատեն արտասահմանյան ֆիրմաներում: Համոզված եմ` նրանք պատվերներ կճարեն, եթե պետական աջակցություն լինի: Դա ռեալ ՙհայ թեք՚ (high-tech) բիզնես է: 

Սխալ մոտեցում է, թե գիտությունը պիտի սպասարկի տնտեսությանը: Հիմնարար գիտությունը նպատակադրված չէ եկամուտ բերել, դա նախ և առաջ հետազոտական աշխատանք է, բնության օրենքների բացահայտում: Այնուամենայնիվ, ինչպե±ս աշխատեցնել գիտությունն արդյունաբերության համար: Այս հարցը շատ արդիական է: Երկուսի միջև կապ հաստատելը հեշտ չի, դրանք էությամբ լրիվ տարբեր բաներ են: Ու սպասել, թե հիմնարար գիտության ինստիտուտը միանգամից կտա ինչ-որ նմուշ, որը կարելի է վաճառել, միամտություն է: Ցավոք, մեր կառավարությունը չի հասկանում, թե ինչ բան է հիմնարար գիտությունը և ինչպես կարելի է այն կապել արդյունաբերության հետ: Անգլիան 30-40 տարվա փորձ ունի այդ հարցում: Մարգարետ Թետչերը դեռ մինչև վարչապետ դառնալը զբաղվում էր այդ հարցով: Անգլիայում ինկուբատորների նման ստեղծում էին ֆիրմաների մասնաճյուղեր, կազմակերպում հանդիպումներ ֆիրմաների ղեկավարների ու գիտնականների միջև, խրախուսում նրանց համատեղ աշխատանքը: Եվ տասնամյակների ընթացքում գիտելիքը սկսեց ոչ միայն ակադեմիկ դառնալ, այլ նաև ներմուծվել ֆիրմաների մեջ ու դառնալ տեխնոլոգիա: Տասնյակ ծրագրեր կան, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը: Մեզ մոտ այդ խնդիրը լուծված չէ, և չեմ էլ տեսնում դրա լուծմամբ նպատակադրված քայլեր: Չնայած մեզ մոտ` ազգային լաբորատորիայում, որոշակի արտադրանք սկսել ենք տալ, մասնակցել ենք ցուցահանդեսի և ցուցադրել մեր արտադրանքը: Մենք նաև կառավարության հանձնարարականն ունենք` զբաղվելու միջուկային բժշկությամբ: Պատրաստվում ենք սկաներների համար իզոտոպներ արտադրել և ներդնել բժշկության մեջ` հիվանդների ախտորոշման բնագավառում: 

Մխիթար Նազարյան

Երևակ ամսագիր