Մանվել Գաբրիելյան. Աբսուրդ է 21-րդ դարում կեղտաջրերը լցնել Սևան

«Քիմմաստեր» ընկերության ղեկավար Մանվել Գաբրիելյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Մեր ջրային ռեսուրսները շատ վատ են կառավարվում, և, ցավոք սրտի, մինչ այսօր շատ թույլ է եղել ուշադրությունը ջրային ռեսուրսների կառավարման նկատմամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացվեց այդ հարցը: Կառավարության կողմից վերջին 2-3 տարում ընդունվեցին մի քանի օրենքներ, որոնք չաշխատեցին: Դրանք վերաբերում էին Հատկապես կեղտաջրերին: Ընդ որում, 2009 թվականից կա օրենք, որը պիտի որ գործեր, պիտի որ կառավարեր կեղտաջրերի հարցը, բայց ցավոք որևէ տեղաշարժ չի եղել: Այդ հարցերն իհարկե շատ բազմազան են: Ամենացավոտ հարցերից մեկը Սևանն է. մենք բոլորս այս տարի ներկա եղանք, թե ինչ էր կատարվում Սևանի հետ՝ ջրերի ծաղկման հետ կապված: Ցավոտ հարցերից մեկը մեր Զանգվի գետն է, ձորում գտնվող ռեստորաններից դուրս եկող կեղտաջրերն են, որոնք արդյունքում հայտնվում են Երևանյան լճում. և այդ գեղեցիկ տեղում գտնվող լիճը կեղտոտ ջրափոսի է վերածվել, որը կարելի էր վերածել գեղեցիկ հանգստի գոտու: Հարցերը շատ-շատ են: Հարցերի մի մասն էլ վերաբերում է արդյունաբերական կեղտաջրերին ու ճամբարներից դուրս եկող կեղտաջրերին, որոնք գնում են դեպի Արաքս: Բազմաթիվ են, մենք որտեղ էլ մոտենում ենք, խնդիր կա՝ թե՛ Երևան քաղաքում, թե՛ գյուղական շրջաններում. և այնպես չէ, որ այդ հարցերը անլուծելի են: Ես պիտի ասեմ, որ մենք այսօր բավական ներուժ ունենք՝ թե արտադրական՝ ի դեմս հենց իմ կողմից հիմնադրված «Քիմմաստեր » ձեռնարկության արտադրական հզորությունների, թե՛ մասնագիտական, մենք բավական պատրաստված մասնագետներ, փորձագետներ ունենք, որոնք կարող են լիովին լուծել խնդիրը: Ընդ որում, մենք նաև հրավիրել ենք նրանց Հայաստան: Մեր ձեռնարկության տնօրենը պարսկահայ մեր հայրենակիցն է, որն այս ոլորտում 25 տարվա փորձ ունի, և ես այդ մարդուն համոզեցի ու ընտանիքով տեղափոխեցի Հայաստան: Պարսկաստանում այս ոլորտում մեր հայրենակիցներն են առաջատար մասնագետները, այնտեղ մեծ քաղաքների մաքրման կայանններ են կառուցել: Մենք վերջերս մի ժողով արեցինք, և այդ մարդիկ պատմեցին իրենց աշխատանքների մասին: Աբադան, Մակուն մեծ քաղաքաներ են՝ ամեն մեկը 2-3 մլն բնակչություն ունեցող: Եվ ունենք այդպիսի պոտենցիալ, և պատրաստ են գալ այստեղ, մնալ, աշխատել մեզ հետ: Այսինքն՝ չկա մի խոչընդոտ, որը չկարողանանք հաղթահարել: Մենք ունենք Սևանի մաքրման մեր ծրագիրը. Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքների կոշտ մաքրման կայաններից դուրս եկող ջրերի կենսաբանական մաքրում կարող ենք կազմակերպել: Սևանի  ամբողջ ափամեևձ շրջանում 250  ռեստորան և հյուրանոցային օբյեկտներ կան, որոնք կլոր տարին են աշխատում,  սեզոնին այդ ժամանակավոր լողափերը, լողավազանները դառնում են 2500, և այդ ամենը իրատեսական, շատ մատչելի միջոցներով կարող ենք կազմակերպել: «Սուզակ» կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Ստեփան Կոջոյանի հետ  ես հեռախոսով եմ զրուցել, նա գաղափար տվեց՝ միգուցե բերենք դրամահավա՞ք կազմակերպենք, եթե պետությունը չունի այդ միջոցները: Իսկապես, թե՛ մեր Սփյուռքը, թե՛ այն մարդիկ, ովքեր մի անգամ եղել են Սևանում, գուցե կարո՞ղ են մի 50, 100 կամ 20 դոլար նվիրաբերել Սևանի փրկությանը: Իսկ Սևանն իսկապես փրկության կարիք ունի: Երևի թե «Սուզակ»-ի մեր գործընկերը կպատմի, թե ինչ է կատարվում: Իրենք սուզվել են, նայել են Սևանի հատակը: Սևանի հատակում շատ վատ պրոցեսներ են կատարվում և այնտեղ թթվածնի պաշարը գտնվում է սահմանային մակարդակի վրա: Այսինքն՝ էլի մի քիչ թթվածինն ընկավ, լիճը կարող է դառնալ ճահճալիճ, կարող է մահանալ լիճը: Դրանք մասնագիտական հարցեր են, որոնք բարձրացվում են ակադեմիական ինստիտուտների կողմից: Եվ այդ հարցերը շատ համեստ միջոցներով հնարավոր է լուծել. պետք է ունենանք բարի կամք: Այստեղ մենք ակնկալում ենք բնապահպանության տեսչության աջակցությունը, ակնկալում ենք «Սևան ազգային պարկ»-ի աջակցությունը: Եվ ընդհանրապես շատ կազմակերպություններ կան, որոնք ի պաշտոնե պարտավոր են այս հարցերը լուծել, ոչ թե լուծել, այլ ստիպել, որ լուծվեն: Մենք ունենք մեխանիզմներ: Ես երեկ եղել եմ հայ-շվեյցարական բանկի կառավարչի մոտ, և պատրաստ են աջակցել, լիզինգային ծրագրովև շատ մատչելի՝ ամսական լուծումներով հնարավոր է մաքրման կայանները տեղադրել: Ընդհանրապես աբսուրդ է այսօր՝ 21-րդ դարում, կեղտաջուրը լցնել Սևան: Եթե մենք կորցնենք Սևանը, ամեն ինչ կկորցնենք: Այստեղ են գտնվում բոլոր շահագրգիռ կազմակերպությունները և պատասխանատու կազմակերպությունները: Հույս ունեմ, որ այսօր մենք կգտնենք խնդրի լուծման մի ճանապարհ, ճանապարհային քարտեզ, ինչպես ասում են, և կներկայացնենք կառավարությանը, որպեսզի այս խնդիրներին լուծում տան:

 Նախորդ մեր հանդիպման ժամանակ մենք ներկայացրեցինք կեղտաջրերի ծավալը, որ դրանք չափից դուրս շատ են, օրինակ՝ Վարդենիսում 10 անգամ բարձր էր: Այսինքն՝  կեղտաջրերին խառնվում են անձրևաջրեր, խառնվում են խմելու ջրեր գուցե, որտեղ չկան հաշվիչներ: Այդ ծավալի մաքրման կայան հնարավոր չի կառուցել, շատ մեծ ծավալի ներդրումներ են պետք: Մենք ունենք շատ պարզ առաջարկություն՝ բերեք դեմն առնենք անձրևաջրերի, առուներ կան, որ գալիս լցվում են, կոյուղաջրերի հետ են խառնվում: Ծավալը պակասեցնելու դեպքում մենք ի վիճակի ենք ամեն մի կայանի համար 1 մլն դոլարի սահմաններում գումար ծախսել, դեռ մի բան էլ պակաս, եթե երեքն ենք կառուցում. միաժամանակ կարող ենք երեք կայան կառուցել: Որևէ արտասահմանյան կազմակերպություն այդ թիվը ձեզ չի տա՝ այն, որ կարող ենք մեկ մլն դոլարի սահմաններում կառուցել մաքրման կայան: Ամեն դեպքում՝ լուծում կա: Մենք տանք մեր առաջարկը, դուք փորձաքննության տվեք մի որևէ կազմակերպության, որը կարող է մասնագիտական եզրակացություն տալ մեր առաջարկությանը: 45 տարի է՝ Եվրոպայում գործում է Տոպլ Հոթել ձեռնարկությունը, իր արտադրանքը վաճառում է Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆրանսիայում, որտեղ ամենախիստ նորմերն են սահմանված կեղտաջրերի մաքրման: Շատ մեծ հաջողությամբ մենք նրանցից գնել ենք արտադրության իրավունքը. մենք ենք արտադրում, բայց դա մենք չենք հնարել, ստեղծել: Եվ արդյունք կա. 40 կայան ենք Հայաստանում տեղադրել, 1 խորանարդ մետրից մինչև 150 խորանարդ մետր ծավալով կայաններ ունենք: