Վահան Արծրունու խոսքը «Հեղափոխության ռեսուրս. 1,5 տարի անց» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Կոմպոզիտոր Վահան Արծրունու խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հեղափոխության ռեսուրս. 1,5 տարի անց» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Ինձ առավել հետաքրքրող և մոտ ոլորտը մշակութայինն է, ուստի կսահմանափակվեմ իմ դատողություններով այդ ոլորտի վերաբերյալ: Ունենք հետևյալը. կառույցը մնացել է նույնը, այսինքն սովետական շրջանից ստրուկտուրան չի փոխվել: Հեղափոխությունից հետո որոշակի փոփոխություններ եղան՝ մեկուկես տարվա ընթացքում փոխվեցին մի քանի նախարարներ, բայց ուրիշ ոչ մի փոփոխություն ես այստեղ չեմ տեսել: Կարծում եմ, փոփոխությունները պետք է կրեն ոչ թե տեղային բնույթ, ոչ թե վերին խավի ղեկավարները փոխվեն՝ դրանով իսկ ապահովելով «բարեփոխումների» ընթացքը, այլ պետք է համակարգը փոխվի, որը լի է արատավոր երևույթներով և կուտակված անլուծելի խնդիրներով:
Պետք է վերանայվի Մշակույթի նախարարության ղեկավարության կադրային ամբողջ կազմը, որոնք ղեկավարում են բոլոր ոլորտները՝ պատմամշակութային օբյեկտներից մինչև ժամանակակից արվեստ: Հակառակ պարագայում, մենք որևէ շանս և բարեփոխման մասին խոսելու առիթ երբևէ չենք ունենալու: Իմ խորին համոզմամբ, այս ոլորտում, ինչպես նաև մնացած ոլորտներում, առաջին հերթին պետք է տրվի անցած 30 տարվա աշխատանքի գնահատական, որովհետև միակ և հիմնական պատասխանատուն` մշակութային կյանքի և իրադարձությունների առումով, մեր երկրում Մշակույթի նախարարությունն է, որն այս 30 տարվա ընթացքում բոլոր չափանիշները, որոնք գործում են ամբողջ աշխարհում և որոնցով կարելի է գնահատել մշակութային կյանքը, հասցրեց ճաշարանային մակարդակի՝ այդ ոլորտները ներկայացնող անձանց պետական կոչումներ շնորհելով, դրանով իսկ՝ արժևորելով իրենց աշխատանքը պետական պարգևներով: Մշակութային ոլորտը չունի օրենսդրական կարգավորման մեխանիզմ, չկա էդ դաշտը համակարգող օրենք, որ արարող և մշակութային դրսևորում ունեցող որևէ մեկը հնարավորություն ունենա ստեղծագործելու և ներկայացնելու սեփական միտքը՝ հավասար պայմաններում:
Մենք պետք է կարողանանք առանձնացնել պետության ֆունկցիան, որովհետև, երբ անհատը կամ հանրության մի զանգված ուզում է իր վրա վերցնել պետական ֆունկցիաները, ստեղծվում է իրարամերժություն ծնող իրավիճակ: Եվ, երբ մի խումբ արվեստագետներ իրենց վրա են վերցնում պետական ֆունկցիաները, պետությունը զրկվում է այդ ֆունկցիայից: Երբ համախմբվելով՝ 3 ամսվա ընթացքում ձայնագրություններ ենք անում, որովհետև համերգային տարբերակի հնարավորություն չկա, պետությունը մեր մեջքին չի կանգնում: Իսկ ներկայացնելով՝ 150 ժամ ֆոնդային տեսքով մնայուն ծրագիր, դրանով մենք զրկում ենք պետությանն իր գլխավոր ֆունկցիայից, որը, իրականում, վտանգավոր վիճակ է: Պետք է հասկանալ, որ մշակույթն է ազգային բնույթի նկարագիր տալիս, ոչ թե տնտեսությունն ու բիզնեսը, և եթե ցանկացած պետության ղեկավար չի գիտակցում դրա նշանակությունը, այսինքն իր զարգացման տեսլականի մեջ չկա դա, նա մեզ բոլորիս դատապարտում է ընկալել իրականությունը պարզունակ մոդելներով:
«Երեւակ» լրատվավերլուծական խումբ