Հեյֆեր. Թույլ տվեք արժանապատիվ լինել

ՙՀեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ՚ ամերիկյան բարեգործական կազմակերպության ստեղծումից անցել է գրեթե այնքան, որքան Երկրորդ աշխարհամարտի ավարտից: 1944 թ. ստեղծված հասարակական կազմակերպության առաքելությունը պատերազմի ժամանակ և նրանից հետո էլ աշխարհում սովն ու աղքատությունը վերացնելն էր: 67 տարիների ընթացքում ՙՀեյֆեր փրոջեքթն՚ օգնեց աղքատությանը հաղթել ավելի քան 10 միլիոն կարիքավոր ընտանիքների աշխարհի 125 երկրներում: ՙՀանուն խաղաղության և կայուն զարգացման՚ գաղափարախոսությամբ ծրագրերը Հարավային Կովկաս և մասնավորապես Հայաստան  են մուտք գործել 1999 թվականից: Այն Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում բնակվող գյուղական ընտանիքների կենսամակարդակը բարելավելուն ուղղված 45 ծրագրեր իրականացրեց: Աշխատանքների ողջ ընթացքը մշակվում ու կոորդինացվում էր ՙՀեյֆեր փրոջեքթ  ինթերնեյշնլ՚ հայաստանյան մասնաճյուղի կողմից, որը հիմնել ու ղեկավարում է Անահիտ Ղազանչյանը:  

ՙՀեյֆեր փրոջեքթը՚ նորարարական ծրագրերի ստեղծող է, որոնք սկսվում են գյուղատնտեսական ներդրումներից մինչև քաղաքացիական հասարակություն կառուցելու հայեցակարգը: Եվ ոչ միայն իրագործել ծրագրերը, այլև լինել էքսպերտ այդ բնագավառում: Այս ամենին հասնելու միակ բանաձևը հստակ ու փորձված մեթոդաբանությունն է: Այնքան հստակ ու կոնստրուկտիվ, որ դրանք ներկայացնելիս Անահիտ Ղազանչյանը թղթին գծեց ողջ սխեման: Ամեն ինչ սկսվում է գիտակցությունից` ո±վ ենք մենք և ու±ր ենք գնում: Համայնքն առաջին անգամ ստեղծում է իր անձնագիրը: Իրավիճակի գնահատումը, այսինքն` կարիքների և ռեսուրսների ռեալ գնահատումը, առաջնային քայլն է հասկանալու համար հաջորդ քայլը` տեսլականը, թե ինչ կարող է ունենալ համայնքը և ընտանիքը մի քանի տարի հետո: Այդ ճանապարհով Հեյֆեր փրոջեքթը Հայաստանի 150 համայնքներում գյուղատնտեսական ուղղվածությամբ 19 ծրագիր է իրականացնում արդեն 12 տարի:  Գաղափարը, որի վրա կառուցվում են ամբողջ տեսլականն ու իրագործված ծրագրերը, նվիրատվության փոխանցումն է: Յուրաքանչյուր ընտանիք ստանալով կենդանիներ, մեղուներ, պարտավոր է դրանից ստացված առաջին սերունդը կամ համարժեք որևէ այլ նվիրատվություն փոխանցել մեկ այլ կարիքավոր ընտանիքի: Այս շղթան օգնում է իրենց փոքր ֆերմաները ստեղծել և ոտքի կանգնել բազմաթիվ ընտանիքների: Նրանց պետք է օգնել արժանապատվորեն վաստակել իրենց հացը, և արժանապատվության զգացողությունն ու այդպես ապրելու հնարավորությունը փոխանցել իր հարևանին: ՙԶարգացումը մենք դիտում ենք ամբողջական կտրվածքով,-ասում է Անահիտ Ղազանչյանը: Անձի տրանսֆորմացիան կայուն զարգացման հիմքն է,  այն հոգեբանական լուրջ գործոն է, երբ հուսահատված մարդը վերականգնում է ինքնավստահությունը, հավատը և հարգանքն ինքն իր նկատմամբ, նա փաստորեն ստացողից դառնում է դոնոր: Մենք անապահով խավի հետ ենք աշխատում, բայց նրանք շատ ավելի ավելի պատասխանատու են, եթե նրանց ճիշտ ուղղորդես՚: Հայաստանում Հեյֆերի ուշադրության կենտրոնում է համայնքում եղած ներուժի հզորացումը: Դա կազմակերպությունն իրականացնում է բարձրորակ մասնագետների և փորձագետների կողմից անցկացվող տարբեր ուսուցումների միջոցով: Ուսուցման թեմաների շարքում են անասնապահությունը, դաշտավարությունը, բույսերի պաշտպանությունը, մեղվապահությունը, գյուղատնտեսական տնտեսությունների կառավարումը և այլն: 

Վերահսկում և գնահատում. հաջորդ քայլը, որը ցույց է տալիս` արդյո±ք ճիշտ էին նախորդ քայլերը: Հեյֆեր փրոջեքթ ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը իր ծրագրերով առաջին հերթին աշխատում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում, որոնց համար կազմակերպությունն իր տերմինն ունի` սահմանապահ: ՙՇատ դժվար է մարդկանց հետ աշխատել, հաղթահարել ձևավորված բոլոր կարծրատիպերը, բայց երբ տեսնում ես արդյունքը, մոռանում ես կրած բոլոր դժվարությունները: Եվ այսպես 12 տարի՚: 

12 տարի է իր ծրագրերը կառուցում է 12 արժեքային համակարգերի` 12 անկյունաքարերի վրա: Դրանք անգիր գիտեն ՙԱյո՚ մանկապատանեկան ակումբների բոլոր սաները: դրանց վրա են հիմնվում երեխաների արտադասարանակ պարապմունքներն ու միջոցառումները, որոնք ընթանում են 6 ուղղություններով` բնապահպանություն, իրավունք և քաղաքացիական հասարակություն, լրագրողական գործ, տրամաբանություն, առողջ ապրելակերպ: Հայաստանի 22 համայնքերում ավելի քան 200 երեխաներ են հաճախել այս ակումբի պարապմունքներին: ՙ երիտասարդներ չունենք գյուղերում, փախչում են: Ես Հայաստանյան գյուղերում կիրառեցի ամերիկյան ՙ 4H՚ ակումբների ծրագիրը` այդ մեթոդաբանությունը համապատասխանեցնելով մեր ազգային առանձնահատկություններին: Մեկնաբանությունը հետևյալն է. առաջինը` հեդ, կրթում ենք, զարգացնում բիզնես մտածելակերպ, երկրոդը` հենդս, ձեռքերի հմտությունն ենք զարգացնում, երրորդը` հելթ, այսինքն`  առողջ ապրելակերպ, բայց չորրոդը` ամենակարևորը սիրտն է:  Մինչև սիրտդ չդնես, ոչինչ է չի լինի՚: 

 

Երևակ ամսագիր