Քաղաքագետ Արմեն Աղայանի խոսքը «Ազգային գաղափարախոսությունը 21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Քաղաքագետ Արմեն Աղայանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ազգային գաղափարախոսությունը 21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Հայկական ծագումով մարդիկ շատ կան, որոնք հայության հետ կապ չունեն: Եթե դու քեզ հայ ես համարում, ապա պետությունն էլ է քոնը, և որպես քաղաքացի պետության մաս ես, ու հայությունդ պետք է դրսևորես հավաքական մտածողությամբ ու գործունեությամբ, որը, ի վերջո, մարմնավորվում է պետության մեջ: Հետևաբար, ինձ համար, որևէ տարբերություն չկա էթնիկ կամ քաղաքացիական ազգի միջև, ավելին` քաղաքացիական առումով հայկական համույթին պատկանելը` մղում է նաև էթնիկ առումով մոտենալ հայկականությանը: Օրինակ, օտարի հետ չես ամուսնանա, եթե ուզում ես ապագադ ու երեխաներիդ տեսնել հայկական միջավայրում, հայկական պետության հետ կապված:
Եվ պետք է հասկականք, թե այս գաղափարախոսությունն ինչի˚ է պետք. օրենսգի՞րք է, որին պետք է բոլորը հետևեն, դաստիարակչական մեթոդական ուղեցո՞ւյց, որ ուսուցիչները էդ կրթական ծրագրերով դաստիարակեն: Եվ, եթե փորձենք շարադրել ազգային գաղափարախոսությունը` կհանգենք մե˚կ գաղափարախոսության, թե˚ մի քանի տարբերակի, որոնց միջև պետք է ընտրություն կատարենք:
Կարծում եմ, քարացած, մեկընդմիշտ ձևակերպված ազգային գաղափարախոսություն չի կարող լինել: Ազգային գաղափարախոսությունը ես ընկալում եմ որպես գաղափարների ամբողջություն, տարատեսակ քննարկումներով՝ խնդիրների մասին մտահոգվելով, մտքեր արտահայտելով, որոնք կարող են քննադատվել, վիճարկվել և այդ դինամիկ պրոցեսն է գաղափարախոսությունը: Մի ժամանակ Նժդեհն էր համարվում ազգային գաղափարախոսության էտալոն և ոչ ոք չի կարող հերքել, որ Նժդեհի շարադրանքը ազգային գաղափարախոսություն չէ, կամ դրանում ինչ-որ հակասող դրույթներ կան, բայց նաև պարզ է, որ Նժդեհով որպես ուղուցույց առաջնորդվելով` այսօրվա քաղաքական բոլոր հարցերին լուծում տալ չենք կարող: Ազգային գաղափարախոսության մեջ ազգայինը որտե՞ղ է, կան տարբեր գաղափարախոսություններ, վերջիվերջո գաղափարախոսություն է անվանվում նաև նյութապաշտությունը` «կարևորը ես եմ ու իմ հարստությունը», դրա մասին գրքեր չկան, բայց դա թերևս ամենատարածված և կենսունակ գաղափարախոսություններից է: Կա նաև դասակարգային գաղափարախոսություն` սոցիալիզմ, լիբերալիզմ, պահպանողականություն, բազմաթիվ գաղափարախոսություններ, որոնք կապված են սոցիալական խմբերի շահերի հետ, կամ, գոնե, այդպես են ներկայացվում:
Ես չեմ պատկերացնում մնայուն պետական գաղափարախոսություն, որովհետև ամեն կառավարություն, ի վերջո, կարող է իրենը ունենալ, և ազգային կարող ենք համարել այն կառավարության գաղափարախոսությունը, որը ազգային պատասխանատվությունից մղված, այդ շարժառիթներով է վերաբերվում հարցերին, ոչ թե դասակարգային տեսակետից: Ազգային գաղափարախոսության անընդհատ կատարելագործման լավագույն ճանապարհը ինստիտուցիոնալ այնպիսի փոփոխություններն են, ինչի արդյունքում քաղաքական գործընթացները` պետական կառավարման խնդիրների լուծման ժամանակ, առավելագույն թվով ներառական մասնակցություն և քննարկումներ կապահովեն: Իսկ ցանկացած հարցի քննարկման ժամանակ դրսևորվելու են ազգային գաղափարախոսությունից բխող և չբխող տեսակետներ, լինելու է մրցակցություն, որը միշտ պարտվելու է, քանի դեռ հավաքական ազգային մտածողությունը և հավաքական ազգային ինսիտուտները կատարելագործված ու զարգացած չեն, և էստեղ էլ չենք կարող խուսափել քաղաքականությունից, այսինքն մենք կարող ենք մշակութային հենքի վրա, պատմական ինքնության, հոգեբանության տարբեր հիմքերի վրա քննարկել, ո՞վ է հայը, բայց թե ի՞նչ պիտի անի հայը ապագայում, ինչպիսի՞ն պետք է լինի հայի վաղվա օրը, սա քաղաքական խնդիր է` ուզենք, թե` չուզենք: Ու, եթե ինչ-որ մեկը համոզված է, որ ազգային մղումներով է քաղաքական դրսևորումների մեջ, ապա նրա պարտականությունն է, քաղաքական քննարկումների մեջ` ինսիտուտների ձևավորման հարցը ակտիվորեն առաջ մղելը:
Ցանկացած խոսակցության մեջ ազգային մղումը առկա է, և կարելի է նկատել, որ երբ ծավալվում է խոսակցություն, ազգայինը միշտ հաղթում է, այն պարտվում է, երբ խոսակցություն չկա: Հետևաբար, կարելի է այնպիսի ինստիտուցիոնալ լուծումներ ընտրել, որոնց արդյունքում վստահ կլինենք, որ ազգային պետական գաղափարախոսության շուրջ մտորումները, պարբերաբար ճիշտ և արդիական լուծումների հանգելը, կլինի մշտական և սովորական պրոցես, և կկարողանանք տարբեր հեղինակների ու շրջանակների կողմից առաջադրված գաղափարախոսությունների տարբերակներ ունենալ` իրենց ընդհանուր և տարբերվող մասերով, որոնք կպատասխանեն հիմնական հարցերին:
Բնականաբար, առաջին շարքում` անվտանգության, ժողովրդագրական խնդիրներն են, երկրորդ տեղում` ազգային հավաքական մտածողության, որոշումներ կայացնելու մեխանիզմների կատարելագորումն է, և երրորդ` հոգևոր լուծումները: Սրանք, թերևս, ամենակարևորներներն են, որովհետև քանակի պահպանությունն առանց ինքնության պահպանման արժեք չունի, ինքնության պահպանման հարցերը մենք միշտ անցյալի օրինակների մեջ ենք տեսնում, իսկ ինքնությունից բխող արժեքները, եթե չլինեն անցյալի վրա, ապա առաջ չենք գնա:
«Երեւակ» լրատվավերլուծական խումբ