Առաջընթացի ետևում մասնագետներն են

Ժամանակակից ստոմատոլոգիան առաջին հերթին ասոցացվում է արդիական նյութատեխնիկական բազայի հետ, որը շարունակ կատարելագործվում է՝ ներդնելով բուժման առավել արդյունավետ մեթոդներ ու տեխնոլոգիաներ: Դրանք ստոմատոլոգի աշխատանքը դարձնում են ավելի արդյունավետ ու գեղագիտական առումով կատարյալ, բայց ոչ հեշտ: Ստոմատոլոգի աշխատանքի առանձնահատկությունները «Երևակի» ընթերցողին ներկայացնում է «Նովոստոմ» ստոմատոլոգիական կլինիկայի ղեկավար Ասատուր Մամյանը: 

-Ձեր աշխատանքային պրակտիկան սկսել եք 1989 թ.: Ի՞նչ փոփոխություններ են այս ընթացքում գրանցվել ստոմատոլոգիայում: 

-Անհավանական ու հսկայական: Ստոմատոլոգիան բժշկության ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններից մեկն է: Մրցակցության անընդհատ զարգացումն էլ իր հերթին բժիշկներին մղում է ինքնակատարելագործման և բուժման նոր, ավելի պրոգրեսիվ մոտեցումների որոնման: Դա էլ նպաստում է ոլորտի արագ թափով զարգացմանը: Այսօր ստոմատոլոգին այցը չի նույնացվում վախի, ցավի ու տհաճության զգացումների հետ:  Ժամանակակից ստոմատոլոգիան, պրոթեզավորումը և ատամերի բուժումը դարձել են ավելի անվտանգ ու անցավ:   Ժամանակակից ստոմատոլոգիական տեխնիկան, սարքավորումներն ու բժիշկների բանիմացությունը թույլ են տալիս այնպիսի խնդիրներ լուծել, որոնք ոչ վաղ անցյալում անհնար էին թվում: Այժմ ստոմատոլոգիան ոչ միայն զբաղվում է ատամների վերականգնմամբ, այլ նաև ատամների մաքսիմալ քանակության պահպանմամբ: Կարելի է ասել՝ ժամանակակից ստոմատոլոգիան ավելի հումանիստական է: 

-Ինչպե՞ս է սկսվել պրոֆեսիոնալի ձեր ուղին:

-Մեծացել եմ բժիշկների ընտանիքում, բայց ո՛չ հայրս, ո՛չ մայրս ստոմատոլոգ չեն եղել: Այս ուղղությունն ընտրեցի հետաքրքրությունից ելնելով: Սովորելու և հատկապես աշխատանքային առաջին քայլերի ընթացքում հասկացա, որ չեմ սխալվել: Իմ բժշկական ծառայությունը Մեղրիում էր նշանակվել: Բայց երբ բժշկական համալսարանից աղետի գոտի մեկնող բրիգադների հետ մեկնեցի Սպիտակ, որտեղ 20 ստոմատոլոգից միայն մեկն էր մնացել, որոշեցի աշխատել Սպիտակում: Այստեղ աշխատեցի 1989-1993 թ. : Հենց այստեղ էլ սկսվեց իմ՝ որպես ստոմատոլոգի կայացման ուղին, որն ամփոփեցին արտասահմանյան մասնագետների հետ շփումները և վերապատրաստումները Իտալիայում: 1995 թ. հիմնադրեցի «Նովոստոմը»: 

-Ի՞նչն է բուհն ավարտած ուսանողին դարձնում իսկական պրոֆեսիոնալ:

-Ատամների բուժումը, պրոթեզավորումը և իմպլանտացիան պահանջում են ավելի շատ փորձ ու գիտելիքներ, որոնք միայն բուհում ստացած գիտելիքներով հնարավոր չէ իրականացնել: Նոր տեխնոլոգիաներին ու մեթոդներին տիրապետելու համար անհրաժեշտ են ավելի շատ պրակտիկա, փորձի փոխանակում, որակավորումը բարձրացնող կուրսեր ու սեմինարներ: Պրոֆեսիոնալիզմը սկսում է տեխնիկայից: Իսկ տեխնիկան վարպետություն է դառնում այն ժամանակ, երբ մեխանիկական գիտելիքները մղվում են ենթագիտակցական մակարդակ, և բժիշկը   խնդիրը տեսնում է ոչ թե մեկ ատամում, այլ օրգանիզմի ընդհանուր վիճակի շրջանակում և կարողանում ընտրել բուժման ամենաօպտիմալ ու լավագույն մեթոդը: 

-Իսկ ժամանակակից տեխնոլոգիաները չե՞ն հեշտացրել ստոմատոլոգի աշխատանքը:

-Բժիշկ Խորեն Զաքարյան - Ստոմատոլոգի աշխատանքը շարունակում է մնալ նույնքան բարդ և պատասխանատու. ստոմատոլոգը պետք է մարդուն վերադարձնի առողջությունն ու արտաքին անթերի տեսքը: Ժամանակակից ստոմատոլոգիայում անհնարին գրեթե ոչինչ չկա: Բայց միևնույն ժամանակ նոր տեխնոլոգիաները, սարքավորումներն ու նյութերը բժշկին ստիպում են անընդհատ աշխատել, անընդհատ կատարելագործվել, ընտրել բազմաթիվ մեթոդներից լավագույնը տվյալ դեպքի համար: Բացի այդ, միայն պրոգրեսիվ սարքավորումներով կլինիկայի վերազինման վրա շեշտը դնելը քիչ է: Խնդիրներ ունեցող մարդը գալիս է բժշկի մոտ, որը նախևառաջ պետք է պատշաճ ձևով ընդունի նրան, լսի, զննի, հետո գրագետ ու հասկանալի ներկայացնի հիվանդին իր խնդիրը և բուժման ձևերն ու ընթացքը: Հոգեբանական նախապատրաստումը շատ կարևոր է: Եթե պացիենտը  վախից ու լարվածությունից ձգված է, բուժումը ավելի դժվար ու ոչ էֆեկտիվ կարող է լինել: Դրա համար էլ ամեն ինչ պետք է անել, որ հաճախորդը վստահի բժշկին ու հավատա բուժման հաջողությանը: 

-Փաստորեն մյուս տարի կնշեք «Նովոստոմ» ստոմատոլոգիական կլինիկայի 20-ամյակը:

-Այո, և գլխավոր ձեռքբերումը այս տարիների ընթացքում համարում եմ կլինիկայի պրոֆեսիոնալ թիմի հավաքագրումը: Այստեղ աշխատում են ստոմատոլոգներ, որոնց անունները հայտնի են ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս. Դերմենջյան Եղիշե, Զաքարյան Խորեն, Գասպարյան Մարինե, Զաքարյան Սոնա, Աղազարյան Արման: Կլինիկայում իրենց առաջին հաջող փորձերն են անում նաև կլինօրդինատորներ Սիրունյան Ելենան, Սահակյան Մորիսը, որոնք աշխատասիրությամբ, գիտելիքների մակարդակով և ձգտումով վաստակել են կլինիկայում բազմափորձ մասնագետների կողքին աշխատելու իրավունքը և դրսևորում են աշխատանքային բարձր մակարդակ և մոտեցում: Այստեղ մատուցվում են  ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապիա, պարոդոնտոլոգիա, օրթոպեդիա, բացի օրթոդոնտիայից: «Նովոսոտոմի» պրոֆեսիոնալ բժիշկների շնորհիվ հիմնավոր ձևով լուծվում են բերանի խոռոչի բոլոր խնդիրները: Մեր թիմի  աշխատանքային սկզբունքներն են կատարելության ձգտող որակն ու բարեխղճությունը, որոնք փոխհատուցվել են  բազմաթիվ գեղեցիկ ու շնորհակալ ժպիտներով: 

Մնում է միայն հիշեցնել, որ ստոմատոլոգին պետք է այցելել ոչ միայն ատամնացավի կամ կոնկրետ խնդրի դեպքում: Տարին մեկ-երկու անգամ պետք է պրոֆիլակտիկ այցեր կատարել՝ ատամների ու լնդերի հիվանդություններից ու բարդացումներից խուսափելու համար: 

 

Երևակ ամսագիր