Պատասխանատու եմ ոչ միայն իմ գործի , այլև ՝ յուքանչյուր հիվանդի առջև

Բոլորին է հայտնի, որ այսօր մարզային մի շարք հիվանդանոցներ գտնվում են նյութատեխնիկական և շենքային անմխիթար վիճակում, ավելին՝ կա անվստահություն, և մարդիկ ձգտում են դեպի մայրաքաղաք: Թե ինչպիսի խնդիրներ են առկա Արտաշատի հիվանդանոցում, պարզեցինք ՙԱրտաշատի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Հովհաննիսյանից, ով, չնայած ծանրաբեռնված գրաֆիկին ու անընդհատ հնչող հեռախոսազանգերին, սիրով պատասխանեց մեր հարցերին:

-Ներկայացրեք, խնդրեմ, այն բուժհաստատությունը, որը ղեկավարում եք այսօր և, որտեղից, կարելի է ասել, սկիզբ է առել ձեր մասնագիտական գործունեությունը: Տարիներն ինչպիսի± դրոշմ են թողել այս կառույցի վրա: 

-Այո, 1980թ.-ից աշխատել եմ Արտաշատի կենտրոնական շրջանային  հիվանդանոցումª զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Այնուհետ երկու տարով  գործուղվել եմ Ալժիր, վերադարձել և աշխատել որպես պոլիկլինիկայի ղեկավար,1994թ.-ից  աշխատել  եմ Միջազգային Կարմիր խաչի վերականգնողական  կենտրոնում, 2005թ.-ին  կրկին վերադարձել եմ Արտաշատ և նշանակվել ՙԱրտաշատ պոլիկլինիկա՚ ՓԲԸ տնօրեն, 2007թ.-ից պոլիկլինիկայի և հիվանդանոցի  վերամիավորվելուց հետո աշխատել եմ որպես ՙԱրտաշատի բժշկական կենտրոն՚  ՓԲԸ-ի փոխտնօրեն, 2013թ-իցª տնօրեն:

Իսկ տարիները, բնականաբար, իրենց դրոշմը թողել են, և այսօր ունենք երբևէ չվերանորոգված շենք, հնամաշ գույք ու սարքավորումներ:

Անկախ այդ ամենից, մենք բավական ծանրաբեռնված ենք աշխատում: Տարվա ընթացքում մոտ 5000 հիվանդ ստանում է հիվանդանոցային բուժում, իրականացվում է 1500-ից ավելի վիրահատություն, իսկ արտահիվանդանոցային այցերը գերազանցում են 90հազարը:

Եվ, եթե այս պայմաններում ունենք հաճախելիության նման ցուցանիշներ, ապա վստահորեն կարելի է ասել, որ խնդիրների հաղթահարման դեպքում այս թվերը կարող են աճել:

-Ինչ ծառայություններ է մատուցում բժշկական կենտրոնը, և ունե±ք մասնագետների խնդիր:

-Բժշկական կենտրոնն ընդգրկում է արտահիվանդանոցային(պոլիկլինիկա, շտապ օգնություն, կանանց կոնսուլտացիա) և հիվանդանոցային ծառայություններ: Գործում  են վերակենդանացման, վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, մանկաբարձա-գինեկոլոգիական և ինֆեկցիոն բաժանմունքները: Ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք կադրային խնդիր չունենք, և այսօր կենտրոնում աշխատում են բարձրակարգ  բժիշկներ, ովքեր նույնիսկ ներկա պայմաններում կարողանում են պատշաճ  մասնագիտական սպասարկում ապահովել:

-Որպես տնօրեն, երկու տարվա ընթացքում ինչ եք հասցրել անել:

-Քանի որ, հիվանդանոցում 80-90տոկոս ծառայություններն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, ապա եղած գումարը բավարարում է միայն աշխատավարձերի, դեղորայքի, պահպանողական ծախսերի համար և, բնականաբար, հավելյալ գումար չի մնում ասենք վերանորոգման կամ սարքավորումներ ձեռք բերելու համար, և երկու տարվա ընթացքում կարելի է ասել, ոչինչ չեմ կարողացել անել այս ուղղությամբ:

Այդ ընթացքում բարելավվել է աշխատանքային կարգապահությունը, և փորձ ենք արել հնարավորինս նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք առկա են ոլորտում: Ասել, թե հիմնովին վերացել է այս երևույթը, սխալ կլինի, քանզի այն, ինչ ձևավորվել է տարիների ընթացքում, մեկ-երկու տարում դժվար է արմատախիլ անել:Այստեղ հարցը ոչ թե աշխատավարձի ցածր լինելու մեջ է, այլ այն, որ 20-30 տարի բուժաշխատողները սովորել են, որ իրենց պետք է ՙշնորհակալություն՚ ասեն: Մտածելակերպը, մոտեցումը պետք է փոխել:

-Որոնք են խնդիրների լուծման ճանապարհները:

-Նախ ասեմ, որ ի թիվս մի շարք խնդիրների, մեր կենտրոնում առկա է ևս մեկըª մեզ մոտ կա ուռճացված կոլեկտիվ, այսինքնª ֆիզիկական անձանց թիվն ավելի շատ է, քան դրա կարիքը կաª այս կամ այն ծավալի աշխատանքն ապահովելու համար: Իսկ կրճատումների ճանապարհով լուծում տալ այս հարցինª մարդկայնորեն ճիշտ չի: Այս և մի շարք այլ խնդիրների վերացման ուղին հետևյալն էª վերանորոգում, վերազինում, ժամանակակից բուժման մեթոդների կիրառում, որը միանշանակ կավելացնի աշխատանքի ծավալները, կավելանան վճարովի ծառայությունները: Պայմանների բարելավման արդյունքում մեր մարզի վճարունակ բնակիչներն էլ չեն գնա մայրաքաղաք, ավելինª մոտիկ մարզերից ևս կդիմեն մեզ:

Ուրախությամբ պիտի փաստեմ, որ վերոնշյալները շատ շուտով կյանքի կկոչվեն: Շատ շնորհակալ եմ ՀՀ վարչապետին, ում անմիջական միջամտության արդյունքում է, որ շուտով իրականություն կդառնա մի ծրագիր, որի արդյունքում կհարթվեն մեզ հուզող հարցերը:

Շնորհակալ եմ նաև առողջապահության նախարարին, ով, արագ արձագանքելով վարչապետի հանձնարարականին, նույնպես եղավ մեր կենտրոնում, տեղում ծանոթացավ առկա խնդիրներին, և որպես ոլորտին գիտակ մարդ, գիտակցելով դրանց լուծման հրատապությունըª հետևողականություն ցուցաբերեց, որպեսզի նախարարության ծրագրերի իրականացման գործակալությունը դրանք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնի Համաշխարհային բանկին, որն ունի մարզային հիվանդանոցներին աջակցման ծրագիր: Միջազգային այս կառույցի ներկայացուցիչները ևս այցելեցին կենտրոն, տեսան իրավիճակը, որից հետո հավանության արժանացած ծրագիրն անցավ որոշակի քննակումների փուլերով, և շուտով կսկսվեն նախագծման աշխատանքները, իսկ 6-7 ամիս հետոª շինարարական աշխատանքները:

Միակ դժվարությունը կայանում է նրանում, թե որտեղ պիտի տեղակայվի բուժհաստատությունն այդ ժամանակահատվածում, բայց կարծում եմ, որ դա էլ կհարթվի, քանզի մեր մարզպետն էլ շատ հոգացավ է և ի թիվս այլ խնդիրների, առանձնակի ուշադրություն  է ցուցաբերում առողջապահական համակարգի նկատմամբ:

Վստահ եմ, որ մինչ 2017թ.-ի կեսերին կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան բուժկենտրոն: