Արևելյան փիլիսոփայությունը ` մարտարվեստի միջոցով. Արման Մազմանյան

Այկիդոյի սև գոտիների ազգային ֆեդերացիա

 

«Նա, ով հակադրվում է միշտ պարտվում է»,- այսպես էր կարծում Մորիհեյ Ուեսիբան, ով այկիդո մարտարվեստի հիմնադիրն է: Նրա ստեղծած մարտարվեստի հիմքում ընկած է ինքնապաշտպանությունը: Պաշտպանական տեխնիկան հիմնված է շրջանաձև վարժությունների վրա, որոնք թույլ են տալիս խուսափել հարվածներից ու բռնվածքներից՝ օգտագործելով նրա ուժը քո օգտին:  Ուեսիբայի կարծիքով՝ վարպետը պետք է վերականգնի երկու մարդկանց միջև հարմոնիան, որը խախտվել է հարձակվողի կողմից: Երբեք այկիդոիստը առաջինը չի հարձակվի, սրա հիմքում ընկած է ինքնապաշտպանությունը՝ հակառակորդի սեփական ուժը նրա դեմ օգտագործելու միջոցով: Այս մարտարվեստը ավելի մարդասիրական  փիլիսոփայություն ունի, որն ուսումնասիրելու համար մարտական հնարքները միայն յուրացնելը քիչ է:

Հայաստանում այս մարտարվեստով պրոֆեսիոնալ զբաղվում են արդեն 15 տարի: 1997-ին Բենիամին Վարդանյանը Ռուսաստանում այկիդո ուսումնասիրելուց հետո վերադարձավ Հայաստան և ստեղծեց Այկիդոյի հայկական ասոցիացիան: Այն իր շուրջը հավաքեց այկիդոյով զբաղվող հայ մարզիկներին: Այսօր ասոցիացիայի ղեկավարը Արման Մազմանյանն է, ով հենց ասոցիացիայի կազմում այկիդոյով զբաղվում է 1998-ից: 2002թ. Արման Մազմանյանը նշանակվեց Գյումրու մասնաճյուղի ղեկավար, իսկ 2012-ից ղեկավարում է Այկիդոյի հայկական ասոցիացիան: Նույն տարում էլ սկսվեց ծրագրերն ընդլայնելու փուլը: Աշխարհի տարբեր ծայրերից սև գոտի ունեցող պրոֆեսիոնալ մարզիկներին համախմբելու համար՝ Այկիդոյի հայկական ասոցիացիայի ներկայիս ղեկավարը   ստեղծեց Այկիդոյի սև գոտիների ազգային ֆեդերացիան:

«Այժմ մեր գլխավոր նպատակն է ստեղծել Սև գոտիների համաշխարհային խորհուրդ: Այդ առումով մի քանի քայլեր ենք ձեռնարկել. ֆեդարացիան հանդիսանում է Ռուսաստանում գործող Օօսիկան ֆեդերացիայի ներկայացուցիչ, որը հանդիսանում է Ճապոնական ֆեդերացիայի մասնաճյուղը, և օգտագործելով այդ կապերը՝ ծանոթություն ենք հաստատաում այլ երկրներում գործող ֆեդերացիաների հետ և բոլոր սև գոտի ունեցողներին հրավիրում ընդգրկվելու ֆեդերացիայում: Այդպիսով նպատակ ունենք Հայաստանում կազմակերպել միջազգային սեմինարներ: Դա կնպաստի Հայաստանում այկիդոյի զարգացմանն ու մասնագիտական որակների բարձրացմանը և Հայաստանը ավելի ճանաչելի կդարձնի այկիդոյի ասպարեզում»,- ասում է Արման Մազմանյանը:

Չնայած իրականացվող ծրագրերին՝ Հայաստանում այս մարտարվեստն այնքան էլ մեծ տարածում չունի: Ա. Մազմանյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ այս մարտարվեստից ոչ մի մրցաշար չի անցկացվում, լինում են միայն ցուցադրական ելույթներ: Եվ մարզիկներին մնում է պայքարել իրենց մարզական որակները բարելավելու համար՝  փորձելով բարձրացնել իրենց գոտու աստիճանը: Դրա համար անցկացվում են որակավորման քննություններ: Բոլորը ձգտում են հասնել սև գոտու աստիճանի, իսկ մինչ այդ կան 5 սպիտակ գոտիներ: 6 ամիսը մեկ նրանք իրավունք ունեն քննություններ հանձնելու և բարձրացնելու գոտու կարգը. սև գոտի 1-ին դանի աստիճանը թույլատրվում է հանձնել 1-ին կյու աստիճանը հանձնելուց մեկ տարի հետո, արդեն 2-րդ դանի համար պետք է սպասել 2 տարի, 3-րդ դանի համար՝ 3 տարի, իսկ 6-րդ դան ստանալու համար գիտելիքներից բացի հաշվի է առնվում նաև մարզիկի կատարած աշխատանքը այկիդոյի զարգացմանը նպաստելու գործում:

Հայաստանում  Օօսինկան ֆեդերացիայի կողմից մինչև սև գոտի քննություններ ընդունելու իրավունք է շնորհվել Արման Մազմանյանին: Եվ Արման Մազմանյանին տրված բոլոր աստիճանները գրացվում են Ճապոնիայի ֆեդերացիայում, իսկ սերտիֆիկատները տրվում են Այկիդոյի միջազգային կենտրոնի նախագահի կողմից: Այսպես աշխարհի բոլոր երկրներում սերտիֆիկատը ընդունելի կլինի:

3-րդ դան սև գոտի ունեցողը կարող է արդեն ինքն էլ քննություն վերցնել մինչև սև գոտու աստիճան շնորհելու համար: Նրա ստորագրությամբ տրվում է սերտիֆիկատ, որով պետք է մարզիկը ներկայանա Հայաստանում և աշխարհում:

«Հնարավոր է, որ միջազգային ասպարեզում չճանաչեն սերտիֆիկատը տվողին և դա խնդիրներ կառաջացնի մարզիկի համար: Այս խնդրից ելնելով`քննությունների արդյունքները Հայաստանյան ֆեդերացիան գրանցում է Ճապոնիայի ֆեդերացիայում և սերտիֆիկատները ստորագրվում են այդ ֆեդերացիայի նախագահի կողմից: Այսպես աշխարհի բոլոր երկրներում սերտիֆիկատը ընդունելի կլինի»,- նշում է Ա. Մազմանյանը:

Հայաստանում այկիդոյի մարզադպրոցներ գործում են միայն Երևանում և Գյումրիում, մարտարվեստով զբաղվում են շուրջ 60 մարզիկներ: Այս մարտարվեստի առավելություններից մեկն էլ այն է, որ դրանով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում. Հայաստանում այկիդոյով զբաղվողների տարիքը տատանվում է 5-50-ի միջև: Այն օգտակար է նաև կանանց և աղջիկներին մարզվելու համար:  

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին Արման Մազմանյանն ասաց, որ հեռարձակվում է հեռուստատեսային հաղորդում,  որի ընթացքում ցուցադրվում և ուսուցանվում են այկիդոյի տարբեր հնարքներ:

«Սա կնպաստի այս սպորտաձևի զարգացմանը: Հաղորդումը իհարկե չի կարող փոխարինել իրական պարապմունքներին, բայց ամեն դեպքում կօգնի պատկերացում կազմել մարտարվեստի մասին»:

Ֆեդերացիայի նպատակների մեջ է մտնում նաև Հայաստանում միջազգային սեմինարների անցկացումը:

Սեմինարը արդեն մեկնարկել է Գյումրիում, այն կլինի ամենամյա և ամեն անգամ կանցկացվի հանրապետության որևէ քաղաքում: Քանի որ մարզերում այկիդոյի մարզադպրոցներ չկան, ապա այդ կերպ այնտեղ ևս հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու մարտարվեստին: