Բժշկի ճանապարհը` ընտանեկան ավանդույթ

Վիրաբույժի դիմակը միայն դիմագծերը չի թաքցնում: Նրա բոլոր տագնապներն ու հույզերը մնում են այդ դիմակի տակ: Միայն ճակատի հոսող քրտինքն ու մատների լարված արագությունը կարող են մատնել դրանք:

Երևան բժշկական կենտրոնում Հայկ Բալայանը ղեկավարում է Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը՝ ամենածանրաբեռնվածը ողջ հիվանդանոցում: Աշխատանքի խելահեղ տեմպ… ու չես հասցնում անգամ այդ դիմակի տակ տեսնել ինքդ քեզ՝ մարդուն…

 

Ինչու՞ որոշեցիք բժիշկ դառնալ:

 

-Ես ծնվել ու մեծացել եմ բժիշկների ընտանիքում, մերն ավանդական բժիշկների ընտանիք է. ոչ միայն ծնողներս ու մեծ քույրերս, այլև քեռիս ու տատիկս են եղել վաստակավոր բժիշկներ: Ես համոզված եմ եղել, որ ուրիշ մասնագիտություն չկա ինձ համար: Ամենափոքր հասակից  տեսել եմ բժշկի աշխատանքը. քեռիս Արցախյան պատերազմի տարիներին բուժծառայության հիմնադիր էր, մայրս՝ բժիշկ, հայրս՝ բժիշկ:  

-Բժիշկների մեծամասնությունը ձգտում է հիմնականում դրսում շարունակել կրթությունը, Դուք սովորել եք միայն Հայաստանում, հիմա էլ դոկտորական դիսերտացիան գրում եք այստեղ, ցանկությա՞ն պակասն էր, թե՞ հնարավորության:

 

-Այո, դիսերտացիաս գրում եմ այստեղ՝ ՀՀ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ղեկավարությամբ: Իհարկե դրսում շատ եմ կոնֆերանսների մասնակցել, շատ հոդվածներ եմ տպագրել տարբեր գիտական պարբերականներում, եղել եմ տարբեր կլինիկաներում ու տեսել վիրահատություններ, որոնք կարևոր են եղել ինձ համար: Բայց ճիշտը որ ասեմ՝ ժամանակ չեմ ունեցել. այստեղ ես այնքան զբաղված եմ եղել իմ մասնագիտության մեջ: Իսկ վիրաբուժությունն այն մասնագիտությունն է, որ լինես տեղում, թե արտասահմանում, անընդհատ անելու բան ունես:  

 

-Ճանաչված   ծնողներ ունենալու գործոնը որքանո՞վ դեր խաղաց ակտիվ աշխատանքի անցնելիս:

-Ես ավարտել եմ Երևանի բժշկական համալսարանը 2000 թվականին, բայց 1998 թվականից արդեն միշտ մասնակցել եմ վիրահատությունների 3-րդ կլինիկական հիվանդանոցում Պավել Պետրովիչ Անանիկյանի ղեկավարությամբ. 3 տարի կլինիկական արդինատուրան այնտեղ եմ անցկացրել: Ապա վերապատրաստվել եմ Մալաթիաե բժշկական կենտրոնում Արմեն Ռաֆայելի Մելիքյանի մոտ՝ էնդոսկոպիկ վիրաբուժության ուղղությամբ: Ինչ վերաբերում է ծնողներիս, ապա նրանց գործոնը չի ազդել: Ես հիմա էլ դասավանդում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում և շատ ուսանողներ ունեմ, որոնց ծնողներին չեմ ճանաչում, բայց իրենց մեծ տեղ եմ տալիս: Կարևորը՝ շատ աշխատեն, գիշեր-ցերեկ, միայն ծանոթ ունենալը շատ քիչ է: Հաճախ ազդեցիկ ծնող ունենալու հանգամանքը կարող է նույնիսկ խանգարել:

 

-Փորձեք վերհիշել առաջին վիրահատությունը, որն ինքնուրույն եք արել, ի՞նչ զգացողություն էր:

 

-Առաջին վիրահատության զգացողությունը առ այսօր էլ իմ մեջ ամենադրական էմոցիաներն է արթնացնում: Մինչ հիմա էլ առաջին վիրահատության պես անհասականալի, դրական, աստվածային էներգիայով եմ լցվում ամեն վիրահատության ժամանակ: Ինչքան էլ հոգնած լինեմ, վատ տրամադրություն ունենամ ուրիշ կենցաղային խնդիրների պատճառով, վիրահատության ժամանակ գերբնական լիցք, ուժ եմ ստանում: Կարծում եմ՝ վիրաբույժներին հատուկ է: Անքուն գիշերները, հոգնած աշխատելը մարդու ֆիզիկական վիճակի վրա ազդում են, բայց վիրահատության տված էներգիան դա կոմպենսացնում է:

 

-Վիրաբույժի համար վիրահատարանում ամենակարևորն ի՞նչն է:

 

-Հիվանդը ճիշտ ախտորոշված լինի, ճիշտ պատրաստված լինի, որ տվյալները համապատասխանեն վիրահատության ծավալին: Իհարկե խոսքն անհետաձգելի դեպքերի մասին չէ: Պետք է լինի գրագետ, բանիմաց անձնակազմ, վիրահատարանի ստերիլ պայմաններն ու տեխնիկան լինեն ժամանակակից: Մեր վիրահատարանում մենք անցյալ տարվանից ներդրել ենք նոր՝ ժամանակակից տեխնիկա, բայց դե նախկինում էլ վիրահատության որակը տեխնիկայի պատճառով չի տուժել: Պատերազմի ժամանակ էլ մոմի լույսի տակ են վիրահատել, ու դրանից վիրահատության որակը չի տուժել:

 

-Կառանձնացնե՞ք բնավորության  3 կարևոր գիծ, որ պետք են մարդուն, հատկապես բժիշկին:

 

 

-Ազնվություն. մարդ պիտի ազնիվ լինի և՛ իր աշխատանքում, և՛ իր հիվանդների նկատմամբ, և՛ կոլեկտիվի, և՛ընտանիքի: Աշխատասիրություն. ճիշտ է, այն քեզանից տանում է էներգիա թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, սակայն ցանկացած հաջողության հասնելու համար պիտի տաս, որ ստանաս, ու հաճույքը, որ ստանում եմ վիրահատությունների ժամանակ, հենց վերադարձող այդ էներգիան է: Սեր. սեր իմ գործի նկատմամբ, իմ ընտանիքի, իմ ծնողների: Ես շատ եմ սիրում վիրահատել, որ մի քանի օր չեմ վիրահատում, կարոտում եմ: 

-Իսկ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը՝ Հայաստանում ընդհանուր վիրաբուժության մակարդակին:

 

-Եթե նախկին խորհրդային մյուս պետությունների հետ մեզ համեմատենք, վատ վիճակում չենք գտնվում, բայց կաղում ենք տրանսպլանտալոգիայից՝փոխպատվաստումներից: Հաջորդ բացը ռոբոտեխնոլոգիաներն են. ամբողջ աշխարհում այն նոր է զարգանում, ու անգամ շատ զարգացած երկրներում դեռ չկա: Ինչ վերաբերում է գնահատականին. Որոշակի խավ կա, որոնց շրջանում բացակայում է վստահությունը մեր մասնագետների նկատմամբ: Շատերին գիտեմ, որ մեծ գումարներ են ծախսել ու ժամանակ՝ դրսում ախտորոշվելու և բուժվելու համար, սակայն նույն արդյունքն են ստացել, որը կարող էին այստեղ ունենալ: Հայաստանում վիրահատությունների մակարդակը բարձր է, սակայն պետք է առաջին հերթին բարձրացնել  ծառայությունների մատուցման որակը՝ թեկուզ հիվանդին հենց ընդունելության սրահում դիմավորելուց սկսած: Պետք է քայլեր ձեռնարկվեն նաև բժշկի նկատմամբ հիվանդի վստահությունն էլ՛ ավելի բարձրացնելու ուղղությամբ:

 

-Արտահայտություն, որ պարտադիր ասում եք հիվանդին վիրահատությունից առաջ:

 

-Ամեն ինչ լավ կլինի:

 

«Երևակ» . «Առողջապահական համակարգ»