Նոր ներդրումներ Հարթավանում

Հարթավանը գտնվում է Ապարանի սարավանդում` Գեղարոտ գետի ավազանում, ծովի մակարդակից 1870 մ բարձրության վրա: Գեղատեսիլ բնապատկերին ձուլված լեռնային այս գյուղը դիրքով պայմանավորված մեկ  թերի կողմ ունի. գյուղը չունի ինքնահոս աղբյուրներ: Ոռոգման և խմելու ջրերը գյուղ են հասնում պոմպակայանների միջոցով: Ոռոգման ջուրը պոմպակայանով գյուղ է մղվում Ապարանի ջրամբարից, իսկ խմելու ջուրը` Ապարան-Երևան ջրատարից: Բնականաբար պոմպակայանով ստացվող ջրի վարձն էլ ավելի թանկ է. պետք է հատուցվեն պոմպակայանի էլեկտրաէներգիայի, սպասարկող անձնակազմի և հարակից մյուս ծախսերը: Եվ հարթավանցին ջրի համար եռակի ավելի է վճարում, քան մյուս բոլոր գյուղերում, որտեղ կան ինքնահոս աղբյուրներ: Հարթավանում ջրի մատակարարման բարելավմանն է ուղղված ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՙՄաքուր էներգիա և մաքուր ջուր՚ ծրագիրը, որի նպատակն է կազմակերպել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: Հարթավանում այդ ծրագրի շրջանակներում արդիականացվել է ջրագծի 4 կմ հատված, տեղադրվել են ջրաչափեր, ինչը համայնքի ղեկավար Ժիրայր Ավետիսյանի հավաստմամբ կօգնի գյուղացիներին խնայողաբար օգտագործել ջուրը և հնարավորություն կտա ներկայիս 3 ժամի փոխարեն ջրամատակարարումը դարձնել 7-8 ժամյա, հետագայում նաև` շուրջօրյա: Միայն ջրի մատակարարումը չէ, որ շարունակական բարելավման կարիք ունի: Գյուղն ապրող օրգանիզմ է, և աշխատանքների շարունակականությունը շատ կարևոր է: Միայն թե սոսկ գյուղի բյուջեով, գյուղի ներուժով հնարավոր չէ բոլոր խնդիրներին պատշաճ լուծում տալ: ՙՎորլդ վիժն՚ միջազգային կազմակերպության օգնությամբ Հարթավանում վերանորոգվել է դպրոցի տանիքն ու մշակույթի տունը: Նույն կազմակերպությունը Հարթավանում ստեղծել է ագրոտեխնիկայի հիմնադրամ` տրակտորներով, գործիքներով, որից օգտվում են հիմնականում հարևան գյուղերը: Հարթավանում հողագործությունը առանձնապես զարգացած չէ, կան հողամասեր, որոնք տարիներով չեն մշակվում: ՙՊարզապես հողօգտագործման մակարդակը ցածր է, մարդիկ կան որ մինչև հիմա իրենց հողի տեղը չգիտեն, սեփականաշնորհել են, չեն օգտագործում, իսկ դա ռեսուրս է, որը փոշիանում է, նպաստում է հողի դեգրադացմանը, էրոզացմանը՚,- նշում է համայնքապետը: Պատճառն այն է, որ հարթավանցիների գերակշռող մասը նախընտրում է զբաղվել անասնապահությամբ, և համայնքի համախառն արտադրանքի 70-80 տոկոսը հենց այս ոլորտից է ստացվում: Սակայն անասնապահությունը լրիվ զբաղվածություն համայնքում չի կարող ապահովել, ավելացող աշխատուժը դիմում է արտագնա սեզոնային աշխատանքի: Նպատակ կա համայնքում ՙՇեն՚ բարեգործական կազմակերպության ներդրումներով կաթնամթերքի ընդունման և վերամշակման փոքր գործարան հիմնել, ինչը որոշ չափով կլուծի  նաև բնակիչների աշխատանքային զբաղվածության հարցը:

Հարթավանում հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից` Ալաշկերտից,  բռնագաղթվածների սերունդները: Գյուղի բնակչության թիվը 1080 է: Ինչպես գյուղի ղեկավար Ժիրայր Ավետիսյանն է նշում, գյուղը մեկ ուժ ու մեկ բռունցք է դառնում անհրաժեշտ պահերին,  գյուղացիների մեծ մասը պատրաստակամորեն իրենց ներդրումն են ունենում գյուղում իրականացվող աշխատանքներում, չեն ձախողել ոչ մի ծրագիր, այդ պատճառով էլ վստահություն ունեն միջազգային ու պետական կազմակերպությունների շրջանում: Եվ սա օգնում է գյուղին տարեցտարի բարեփոխել իր սոցիալական պայմանները և զարգացնել ներքին ռեսուրսները: