Ռուս Փորձագետ. Երևանն ու Բաքուն դժգոհ են մինսկի խմբի միջնորդներից

Ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել առանց զինված հակամարտության, կարծում է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովը։ 

 

Այնուամենայնիվ, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, անշուշտ, պահպանվում է։ «Նախևառաջ, այն պատճառով, որ հակամարտությունն ամբողջովին լուծված չէ։ Եթե կողմերը համաձայնության չեն եկել, ապա մնում է ուժային լուծման հնարավորությունը։ Կարող եմ միանշանակ ասել` Ռուսաստանը կգնա մինչև վերջ իրավիճակը հավասարակշռության մեջ պահելու իր ձգտման մեջ»,– ասել է Վլասովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։ 

 

Ըստ նրա, հենց այդ պատճառով էլ ակտիվ շփումներ են ծավալվում հայկական և ադրբեջանական ուղղություններով։ 

 

«Դմիտրի Մեդվեդևին, ցավոք, չհաջողվեց, կողմերը փոխզիջման բերել։ Կազանի հանդիպմանը, կարծես, կողմերին մեկ քայլ էր բաժանում հակամարտության գործնական կարգավորմանը մոտենալուց։ Վլադիմիր Պուտինն ընտրեց խնդրի իմաստավորման տարբերակը, հավանաբար, պետք էր մոտեցումների վերաբեռնում Ռուսաստանի կողմից»,– ասաց Վլասովը։ 

 

Ըստ նրա, Երևանում, և Բաքվում դժգոհ են Մինսկի խմբի միջնորդներից, այդ իսկ պատճառով պետք է առաջարկել ինչ–որ այլ ձևաչափեր` միաժամանակ թողնելով թարմացված Մադրիդյան սկզբունքները` որպես կոնկրետ լուծումների հիմք։ 

 

Ամփոփում եմ` հավանականություն կա, բայց այն, բարեբախտաբար, այդքան էլ մեծ չէ, իսկ վարկածները, թե ով որ կողմում է պատերազմելու, նույնիսկ չի քննարկվում։ Ամերիկացի փորձագետները տառացիորեն փաթաթում են հետևյալ տարբերակը` ՆԱՏՕ–ն ընդդեմ ՀԱՊԿ–ի, կամ Իրանի միացումն այդ պատերազմին Հայաստանի կողմից։ Կարծում եմ` սրանք արհեստական միջամտություններ են, որոնք միայն ցնցում են հասարակական կարծիքը և Հայաստանում, և Ադրբեջանում։ Բայց հավատում եմ, որ Ղարաբաղում, այնուամենայնիվ, կհաջողվի լուծել հարցն առանց զինված հակամարտության։ 

 

Նրա խոսքով`կողմերը կորցնելու բան ունեն։ «Պետք չէ մոռանալ, որ տարածաշրջանը մի քանի արյունալի պատերազմներ է վերապրել, որոնցից վերջինն ավարտվել է 2008 թվականին։ Մենք դա լավ ենք հիշում, որովհետև Ռուսաստանն էլ էր դրանում ներքաշվել։ Գերտերությունների գործոնը, անշուշտ, ազդում է, բայց ցանկացած սահմանամերձ, պատահական փոխհրաձգությունից կարող է մեծամասշտաբ հակամարտություն «ծնվել»։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանում փորձագետները մեծ տագնապով են ընկալում Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միջնորդներին, Երևանին և Բաքվին պետք է աշխուժացնել ջանքերը բանակցային գործընթացը ողջ ծավալով վերսկսելու առումով»,– ընդգծեց Վլասովը։

 

«Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի ղեկավարը կարծում է, որ կողմերը կարող են փոխզիջում գտնել, և այդ տեսանկյունից ես լավատես եմ։ «Բայց այդ ուղին, անկասկած, շատ երկար է լինելու, և այստեղ, իհարկե, միջնորդների դերը կողմերին երկխոսության դրդելն է, իսկ միջնորդները, հատկապես, Եվրամիության կողմից, միշտ չէ, որ հետևողական են իրենց արտահայտություններում և դիրքորոշման մեջ։ Այդ պատճառով երկար և բարդ ճանապարհ կա, բայց հավատում եմ, որ այն կավարտվի հաջողությամբ»,– ասել է Վլասովը։

 

Առկա.ամ