Էդվարդ Զորիկյան. Էվոլյուցիան կապիկին մարդ չդարձրեց

…Աշխարհն այս սին է, կյանքը կացին է,

 

Որ միշտ ճոճվում է մեր ետեւում:

 

Ոմանց կացնում են, մեջքից ճղում են,

 

Ոմանց էլ տաշում, ձեւավորում…՚…

 

… Աշխարհն այս բանտ է, բանտում ժանտախտ է,

 

Սա էլ մեր բախտն է, իմ տարեկից

Բանտարկյալներ ենք, ժամկետը կյանքն է,

 

Որը վատնում ենք բերման օրից…՚…

 

 

 

ՙՀեղինակային երգում, ինձ եւ իրենց բարդ համարողների համար, առաջնայինը խոսքն է, իմաստը: Երաժշտությունը խոսքը տեղ հասցնելու միջոց է: Նկատած կլինեք, որ շատ բարդերի երգերում, եթե սիրո մասին բալլադներ չեն, մեղեդիները գրեթե նույնն են. ընդամենը կիթառի հնչյունների նվագակցությամբ ասվում է խոսքը: Երբեմն ուրիշ կատարողների համար երգի խոսքերն եմ գրում, ու ինձ համար խիստ զարմանալի է, երբ ասում են` ՙՔո գրածը երգեցիկ չէ՚: Որովհետեւ եթե խոսքը հայերեն է, արդեն երգեցիկ է: Պարտադիր պետք է լինի ՙսեր-հեր-մեր՚, որ կլկլացնեն ու լավ լինի: 

 

Եթերում այսօր նրանք են, որոնց պրոդյուսերներն անցակցնում են նրանց գործերն ու դրանով փող աշխատում: Պրոդյուսերների հաշվարկով մեր երգերը եկամտաբեր չեն: Մեզ ասում են` ՙԻնչու եք փոքր դահլիճներում ելույթ ունենում՚: Է, որովհետեւ մտածելու ցանկություն ունեցող մարդկանց թիվը քիչ է: Մարդը չի ուզում իրեն նեղություն տալ ու մտածել: Որովհետեւ հասկանում է, որ եթե մի քիչ էլ մտածի, կկորցնի ընտանիքը, գործը, հարստությունը: Հիսուս Քրիստոսը չկարողացավ 2000 տարվա ընթացքում գոնե 10 պատվիրանները ներարկել մարդկանց մեջ: Մարդիկ չցանկացան: Ես տալիս եմ Խոսքը, ով ուզում է` վերցնում է: Չնայած ես շատ եմ խոզերի առաջ մարգարիտներ շաղ տվել: Մինչեւ էսօր էլ անում եմ: Սուտ է Դարվինի տեսությունը, թե էվոլյուցիան կապիկին մարդ դարձրեց. շունը շուն է մնում, կատուն` կատու: Ու եթե խոտը տալիս ես շանը, չի ուզում ուտել շունը էդ խոտը: Իսկ եթե ստիպում ես, որ ուտի, կուլ տալուց հետո վատ է զգում: 

 

    Վախն էր պատճառը, որ խորհրդային տարիներին արգելում էին այդ երգերը հնչեցնել ռադիոյով, հեռուստատեսությամբ, թույլ չէին տալիս այդ երգերը թողարկել ՙՄելոդիա՚ ֆիրմայի թողարկած սկավառակներում: Ամեն ինչ անում էին, որ այդ երգերը չտարածվեն: Ու եթե Սովետական միության նման հզոր ուժային կառույցը վախենում էր բարդից, անկախ Հայաստանում ինչու չպիտի վախենան: Պիտի որ վախենան: Բայց ինձ թվում է` էսօր նրանք ուրիշ կերպ են մտածում` ՙՄինչեւ նրանք մի երգ են գրում, մինչեւ երգում են, ես 1 միլիոն դրամ փող եմ աշխատում (Կներես, սխալ արտահայտվեցի, ոչ թե աշխատում, այլ` գողանում - Է.Զ.): Ջհանդամը, թող գոռան, ճվան՚... Այսօր վախեցողները պրագմատիկ են դարձել:

 

Երևակ ամսագիր