Ինչ արվում է, իմ ձեռագրով է արվում

Կահույքի տեսականիների բազմազանության մեջ hարմարավետությունն ու նրբաճաշակությունը գնահատող մարդկանց ընտրությունը միշտ կանգ է առնում ամենալավին, իսկ այդպիսի բարձրորակ կահույքի արտադրությամբ է զբաղվում 2013 թվականի սկզբից գործող «Էյ էյչ վուդ արտ» ընկերությունը, բայց այն տարբերությամբ, որ այստեղ ամենակարևոր շեշտը ինքնատիպ ձեռագիրն է` յուրօրինակ արտադրանքի տեսքով: Պատահական չէ, որ նորաստեղծ ընկերությունն իր աշխատանքում առավել հակված է կիրառել հետաքրքիր մտահաղացումներ, որի շնորհիվ իրականություն են դառնում միայն նրբաոճ ու էքսլյուզիվ աշխատանքներ:
«Էյ էյչ վուդ արտ» ընկերության տնօրեն Վարդան Վարդանյանն իր ճանապարհը հարթել է սկսելով կահույքագործի օգնականի աշխատանքից, ապա 2008 թվականից ընկերների հետ ծավալել կահույքի պատրաստման փոքրիկ գործունեություն, իսկ հետո արդեն կանխորոշված էր, թե այդ ուղին ինչ զարգացում կունենար.  «Իմ աշխատանքը միայն կահույքի հետ է կապված եղել, ուրիշ ոչ մի տեղ չեմ աշխատել, չեմ էլ պատկերացնում ուրիշ բնագավառում: Մինչև «Էյ էյչ վուդ արտ»-ի կայանալը, մենք արդեն վստահություն էինք ձեռք բերել, որակի երաշխիքներ էինք ներկայացրել մարդկանց, ովքեր կորիզ են կազմում` պատվիրատու, պատվիրատուի ընկեր, ժողովրդի խոսքով ասած` գործը գործ է բերում»:
Մարդիկ արդեն ճանաչում էին «Էյ էյչ վուդ արտ»-ի հիմնադրին, տեսել էին նրա կատարած աշխատանքը, մնում էր միայն շարունակել նույն ոգով. «Ես բիզնեսին վերաբերվել եմ այսպես. այստեղ կամ խելքի գործոնն է, կամ` բախտի, կամ` գործընկերների խելքի ու բախտի գործոնները միասին: Քանի որ գործընկերներ «Էյ էյչ վուդ արտ»-ում չկար, մտածում էի, որ եթե իմ խելքի գործոնն է, ապա կկայանա: Այս կարճ ժամանակահատվածում չեմ կարող ասել, թե որքանով կայացավ, դեռ աճելու ու զարգանալու տեղ շատ ունենք, մենք այս բնագավառում նորածին ենք»:


Մոդեռն ոճը մեծ պահանջարկ ունի նաև կահույքի բնագավառում, որ թելադրում է կրեատիվություն ու նորարարություն, իսկ այսօր շատ բան տեսած մարդկանց հեշտ չի գոհացնելը, հարկավոր է այլ մոտեցում, հետաքրքիր մտահաղացումներ. «Շուկայում լճացած ապրանքից չենք մատակարարում, մենք ձգտում ենք մարդկանց տալ այն, ինչ յուրահատուկ է, այն, որ ոչ բոլորն են տալիս, - վստահեցնում է Վարդան Վարդանյանը, - եթե համեմատականներ անցկացնենք, մենք շուկայում մրցում ենք 10 տոկոս արտադրանքի հետ: Հիմնականում աշխատում ենք մոդեռն կոչված ոճի մեջ»:
Արտադրությունում, որքան էլ բարձրորակ նյութեր օգտագործվեն, մասնագետից է կախված աշխատանքի հաջողված լինելը. «Ինքս նաև վարպետ եմ, արտադրական պրոցեսից չեմ կտրվում, և ինչ արվում է, իմ ձեռագրով է արվում, իսկ ձեռագրի փոփոխություններին ես կողմ չեմ, դրա համար մենք աշխատում ենք աշխատանքի վերցնել երիտասարդների, որ մենք սովորեցնենք, մեր վարպետները լինեն մեր վարպետները»:
Ըստ Վարդան Վարդանյանի` բնագավառում որոշ խնդիրներ կան, որոնք ժամանակի հետ կլուծվեն, բայց առաջ կգնա նորերը. «Կահույքի շուկան, իմ կարծիքով, Հայաստանում շատ զարգացած չէ: Խնդիրների առջև կանգնում ենք, օրինակ` այն նյութը, որ տեսնում ենք ինտերնետում կա, բայց մեզ մոտ դեռ չկա: Լավ աշխատող ունենալն էլ է խնդիր: Ինչ-ինչ պատճառներով լավ մասնագետներ Հայաստանում գտնելը դժվար է»:


Շքեղ արտադրանքը չի կարող մատչելի լինել. այստեղ կարևորը որակական պահանջի ապահովումն է. «Առաջարկ-պահանջարկ ասվածը տարբեր բևեռներ են: Բնական է, որ շքեղ, որակյալ ապրանքը չի կարող ցածր գին ունենալ, այն պետք է ունենա իրենից ներկայացնող համապատասխան արժեք: Սովորական կահույքը իրենից ներկայացնում է այնպիսի նյութերի հավաքածու, որի ծախատարությունը քիչ է: Մեզ մոտ հիմնականում պատկերացնում են, թե ինչ պետք է պատվիրեն: Մարդիկ այսօր օգտվում են ճարտարապետների, դիզայներների ծառայություններից, իսկ այն պատվիրատուն, որ գալիս է «Էյ էյչ վուդ արտ» ու դեռ չի կողմնորոշվել, մենք առաջարկում ենք, թե ինչ կահույք կարող է հարմար լինել իր բնակարանին ու ինտերիերին համապատասխան»:
Համագործակցությունը նույնպես կարևոր է աշխատանքում հաջողության հասնելու համար, որը կիրառում է «Էյ էյչ վուդ արտ»-ի տնօրենը. «Ինչպես ես եմ սկսել, նույն կերպ էլ իմ ընկերներն են սկսել: Մենք իրար հետ զարգանում ենք` առանց իրար խանգարելու, միմյանց օգնում ենք, մտքի փոխանակումներ ենք անում: Երբ դիզայնի պատվերը գալիս է, պետք է խելք խելքի տանք, թե ինչպես իրականություն դարձնենք»: 
Իսկ թե ինչ է լինելու առաջիկայում, կախված է ընտրած ուղին և որդեգրած սկզբունքները պահպանելուց. «Ձգտում ենք ցանկացած պահ ճիշտ օգտագործել, որ առաջընթաց ունենանք: Մենք նոր ենք շուկայում, այդ նորը լինելը երկու առավելություն ունի. մենք չունենք արմատավորված անուն, որ շտկենք, և պետք է ստեղծենք անուն: Ասում են` երբ գործ ես սկսում, առաջին 3 տարին աշխատում ես քո անվան համար, հետո` անունն է աշխատում քեզ համար: Ես աշխատում եմ իմ անվան համար, բայց դրանից հետո էլ կաշխատեմ իմ անվան համար…»: