Բարեկեցիկ գյուղից ոչ ոք չի հեռանա. Քասախ

Բարեկեցիկ և զարգացող համայնքներին անդրադառնալիս չենք կարող շրջանցել Կոտայքի մարզի Քասախ գյուղը: Եղվարդից 9 կմ հարավ-արևմուտք` Քասախ գետի ափին է գտնվում համանուն գյուղը: 1828 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած մշեցիները հաստատվել են Ապարանի տարածաշրջանի Չամռլու գյուղում, իսկ 1965-66 թվականներին հիմնավորվել Քասախում: Գյուղն ի սկզբանե Քասախ է կոչվել և քաղաքատիպ ավանի կարգավիճակ ունեցել: Բնակավայրն ունի 6200 բնակիչ: Քասախում զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակմամբ, անասնապահությամբ: 1991-1996թթ. Քասախ գյուղական խորհրդի նախագահ և 1996թ. Քասախ համայնքի ղեկավար է ընտրվել Արա Մկրտչյանը, ով մեծ հպարտությամբ է ներկայացնում բնակավայրը. ՙԲարեկեցիկ, մաքուր, ասֆալտապատ գյուղ է, մայրաքաղաքին սահմանակից: Բնակիչները գրագետ ու կիրթ մարդիկ են: Տարածաշրջանում ունենք արտադրական խոշոր ձեռնարկություններ, ուստի մեր աշխատուժն ապահովված է աշխատանքով՚:

Չնայած գյուղացիների զբաղվածությանը` համայնքում ավանդաբար շարունակում են հողի մշակությունը և ուղիներ փնտրում, որպեսզի կարողանան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնել. ՙՈւնենք վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոշոր և մանր եղջերավոր անասունների ֆերմերային տնտեսություններ, – ասում է համայնքի ղեկավարը, - մոտ 40 տոկոսով հողերը չեն մշակվում, սակայն միամյա ցանքերի և բազմամյա տնկարկների մի քանի հեկտար ավելացում կա: Հաշվարկները բազմաթիվ անգամ ցույց են տալիս, որ մանր հողակտորների վրա գյուղատնտեսության զարգացումը արդյունավետ չէ: Մենք պետք է կարողանանք միավորել այս հողերը, որպեսզի և՛ վարը, և՛ ցանքն ու ընդհանրապես բոլոր տիպի ագրոմիջոցառումներն արդյունավետ լինեն ոչ թե 2400 քմ, այլ 20 հեկտարի վրա՚:  

Քասախն ունի 2 դպրոց, որից մեկն այս տարի է շահագործման հանձնվել, իսկ մանկապարտեզում, ըստ Արա Մկրտչյանի, շուրջ 30 տարի վերանորոգում չի իրականացվել. ՙ30-40 երեխա հերթագրված են, բայց չենք ընդունում` ոչ բարեկեցիկ պայմանների պատճառով: Հիմնանորոգումը կարող է լինել և՛ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի և՛ քաղաքաշինության համապատասխան ծրագրերի միջոցներով, իսկ համայնքը 15 տոկոս ներդրմանը պատրաստ է՚:

Այստեղ խմելու ջուրը շուրջօրյա է, սակայն համայնքապետը ոռոգման ջրի հետ կապված դժգոհություն է հայտնում՝ մատնանշելով սպասարկման որակը. ՙՄենք բավականին լավ ոռոգման ցանց ունենք, սակայն և՛ ջրամատակարարումն է վատ, և՛ վճարն է բարձր, որի պատճառով բնակչությունը համատարած հողի մշակմամբ չի զբաղվում՚:

Առաջիկա ծրագրերից կարևորվում են համայնքի նոր զարգացող թաղամասերում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, նաև ճանապարհաշինարարության նպատակ կա. ՙՆախատեսում ենք ճանապարհի կառուցում, որը մեզ կմիացնի Դավիթաշենը շրջանցող ճանապարհին. դա նշանակում է, որ քասախցիները մոտ 20 րոպե կխնայեն Երևանի կենտրոն հասնելու համար՚:

Արա Մկրտչյանը գյուղի մասին պատմելիս հատուկ անդրադարձ է կատարում պատմության այն կարևոր էջերին, որտեղ Քասախն անգնահատելի մասնակցությունն է ունեցել հերոսամարտերին. ՙԵղել են ազգի նվիրյալ քասախցիներ: Հայրենական պատերազմի ժամանակ ունեցել ենք փառքի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշանակիրներ: Գյուղի կենտրոնում տեղակայված է Սեդրակ Ջալալյանի արձանը, ով Բաշ-Ապարանի հերոսամարտի հրամանատարներից է եղել: Արցախյան ազատամարտում նույնպես քասախցիները մեծ դեր են ունեցել՚:

Մշակութային կյանքը Քասախում բարձր հիմքերի վրա է դրված. այդ մասին փաստում է համայնքի ղեկավարը. ՙՄշակույթի տանը գործող երաժշտական դպրոց և արվեստի կենտրոն են հաճախում 250 երեխա: Հաջողություններ մեր պատանիներն ունենում են հատկապես սպորտում: Հանրապետությունում Քասախի երիտասարդ մարզիկները միշտ առաջնային տեղեր են գրավում: Մեր ծանրամարտիկների և՛ աղջիկների, և՛  տղաների խմբերը բոլորին են հայտնի: Վերջերս ունեցանք Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն: Բնակչության համար անհրաժեշտ ամեն ինչ արված է` զբաղվածություն ունենալու, կրթվելու և դաստիարակվելու առումով: Այս ծրագրերը և՛ համայնքի զարգացման քառամյա ծրագրում, և՛ տարեկան աշխատանքային պլանում են ընդգրկված՚:

Արա Մկրտչյանը հավաստիացնում է, որ Քասախն այն առանձնահատուկ բնակավայրերից է, ուր գրեթե արտագաղթ չկա, անգամ երևանցիներն ու հարևան գյուղերի բնակիչներն են այստեղ ձեռք բերում բնակարաններ ու հողատարածքներ՝ համոզված լինելով, որ համայնքը դեռ ավելի է բարգավաճելու: