Գյուղում փակ տուն չունենք, բոլորը բնակելի են. Նուռնուս

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի անվանումը հետաքրքիր պատմություն ունի: Գյուղն առաջացել է 7 համայնքների միավորումից, որտեղ 365 ընտանիք է ապրել: Հայկական իրականության մեջ առատության խորհրդանիշ նուռն այդքան էլ հատիկ ունի, իսկ շերտերը յոթն են: Այդ հրաշահամ մրգի պատվին էլ կոչվել է Նուռնուս, և անվանումը ոչ մի անգամ չի փոխվել: Գյուղը Հրազդան գետի ձախ ափին է գտնվում` Բյուրեղավանից 4 կմ հյուսիս: Կառուցվել է 10-րդ դարում: Այս գյուղը հայտնի է սառնորակ աղբյուրներով, որոնք համայնքի սեփականությունն են:

Նուռնուսում հավասարապես զբաղվում են գյուղատնտեսության տարբեր ճյուղերով` անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ: Բարենպաստ եղանակի շնորհիվ այստեղ ճանապարհները բաց են ու վերանորոգված, իսկ միջհամայնքային ճանապարհները ժամանակին մաքրվում են, դեռ չի եղել, որ անանցանելի լինեն, ուստի բերքի ու կաթնամթերքի իրացումն անխոչընդոտ ու անընդհատ ընթացքի մեջ է. ՙԿարելի է ասել, որ տրանսպորտի խնդիր չունենք, - վստահեցնում է համայնքի ղեկավար Մնացական Գևորգյանը, - գյուղացիները կարողանում են շուկա տանել և վաճառել գյուղմթերքը՚:

Լուծված է համայնքի գյուղմթերքի իրացման հարցը, փոխարենը համայնքում հրատապ է անհրաժեշտ ագրոտեխնիկա ձեռք բերելու խնդիրը. գյուղը  չունի  ոչ մի միավոր տեխնիկա: Նուռնուս համայնքի ղեկավարությունը կառավարության պետական օժանդակությամբ պատրաստվում է ձեռք բերել Հայաստան ներկրված ՙԲելոռուս՚ տրակտորներ: ՙՆուռնուսի հիմնախնդիրներն են գյուղտեխնիկայի և գյուղապետարանի շենքի բացակայությունը: Գյուղապետարանի շենքի հարցում ևս ակնկալում ենք կառավարության օժանդակությունը: Դիմել ենք ՀՀ նախագահին, ով դրական է արձագանքել խնդրին: 2014-ին նախատեսված է, որ համայնքային կենտրոն կառուցվի: Այժմ մենք մշակույթի տանն ենք գործում՚,- նշում է համայնքի ղեկավարը:

Նուռնուսը  պետական ծրագրի շրջանակներում և համայնքի համաֆինանսավորմամբ գազաֆիկացվել է 2009 թ.: Խմելաջրի խնդիր նույնպես Նուռնուսում չունեն, համայնքային աղբյուրների շնորհիվ բոլորն ապահովված են մշտական ջրով: Դպրոցը վերանորոգված է, մասնակի վերանորոգվել է նաև մշակույթի տունը: Համայնքի միջոցներով անցկացվում է գլխավոր փողոցի լուսավորությունը: Սրանք իրականացված աշխատանքների ցանկից են, որոնք թվարկելուց հետո համայնքի ղեկավարը անդրադառնում է նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերին. ՙՄանկապարտեզ չունենք, հուսանք, որ համայնքային կենտրոնում կկարողանանք նախադպրոցական դասարան բացել՚: 

140 տնտեսություն ունեցող համայնքում գլխավոր զբաղմունքը շարունակում է մնալ միայն գյուղատնտեսությունը: Գյուղում որևէ արտադրամաս կամ գործարան չկա: Գյուղացիների չնչին տոկոսն է զբաղված պետական ծրագրերի շրջանակներում,  մարզի գործարաններում  կամ գազամատակարարմամբ զբաղվող հիմնարկությունում: Կարևորը, որ գյուղապետի հավաստմամբ գյուղում փակ տուն չկա, բոլորը բնակելի են. մշտական արտագաղթն այս գյուղին չի սպառնում:

Ասում են՝ երբ խնդիրները չեն լուծվում, ուրեմն դրանք դեռ հասարակական նշանակություն ձեռք չեն բերել: Այսինքն՝ յուրաքանչյուր խնդիր պետք է բոլորինը դառնա, որ հնարավոր լինի հաղթահարել. ՙԳյուղով համախմբված ենք, մեկս մյուսի կողքին է, եթե ունենում ենք խնդիր, համայնքի ժողովում բնակչության հետ որոշում ենք մեր անելիքները՚, - հավաստիացնում է գյուղապետը:

Հենց այդ համախմբվածությունն է նաև Մնացական Գևորգյանի պաշտոնավարման օրոք համայնքի գրանցած հաջողությունների պատճառը. ՙԱյսօր հողի հարկերի ու տուրքերի հետ կապված պարտքեր չունենք, իսկ նախկինում եղել են: Հարկավոր է գիտակցել, որ յուրաքանչուրը պարտավոր է իր հարկերը վճարել, իսկ այդ պարտավորվածության ու պարտականության մասին պետք է կարողանաս մարդուն բացատրել: Երևի թե դա հաջողվեց մեզ: Գյուղապետ 2009 թ. եմ ընտրվել, ապա 98 տոկոսով վերընտրվել: Ես էլ, ավելի պարտավորված զգալով բնակիչների հանդեպ, պիտի ավելի շատ աշխատեմ` անհնարինը հնարավոր դարձնելով՚: 

 

Սա, անշուշտ, այն ամենը չէ, որ պարզեցինք գյուղի մասին, սակայն պարզ երևում է, թե այստեղ ինչպես են տրամադրված անելիքների կատարման ու խնդիրների լուծման հնարավոր ուղիների որոնման ուղղությամբ: Գյուղապետն անկեղծորեն խոստովանեց, որ շատ է սիրում գյուղը, գյուղատնտեսությունը, իր աշխատանքը. մարդը յուրաքանչյուր բնագավառում պետք է սիրով աշխատի, որ կարողանա պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից: