Անկազմակերպ, անարվեստ. 21 –րդ դարի հայկական ճարտարապետություն

Չկա 21-րդ դարի հայկական ճարտարապետություն: Ոչ թե որովհետև չկան նոր, լավ շենքեր, այլ որովհետև չկա կազմակերպող լավ համակարգ. իսկական պրոֆեսիոնալները ներգրավված չեն քաղաքի կառուցապատման հիմնական գործընթացներում, հասարակական նշանակության շենքերի նախագծերի համար անց չեն կացվում արդար մրցույթներ, բացակայում է մասնագիտական առողջ մրցակցությունը, չկա միջազգային ճարտարապետական ու քաղաքաշինական կայացած փորձը Հայաստանում ներդնելու և իրավիճակը բարելավելու պատրաստակամություն: Ինչպե՞ս չկառուցել. ապագա դասագրքերում այսպես պետք է վերնագրել 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի հայկական ճարտարապետությունը, համոզված է «Այր-դիզայն» ճարտարապետական ընկերության գլխավոր ճարտարապետ Արթուր Բաղդասարյանը:
Անարվեստ ճարտարապետություն, անքաղաքակիրթ միջավայր
Անկախացումը կոմունիստական ախտից ազատվելու, սխալները շտկելու և կյանքի որակը էապես փոխելու հնարավորություն տվեց: Բայց իշխանության գլուխ բարձրացան ուժեր, որոնք նախկին կոմունիստական նոմենկլատուրայի, Լենինի ու Խրուշչովի նման մտածող մարդիկ էին, դեռ ավելի վատ, ու այդ անկումը շարունակվեց ավելի վատ ձևերով ու անդառնալի հետևանքներով: Ոչ միայն ճարտարապետությունում, այլև մյուս ոլորտներում ազատություն տրվեց ավելի վատ գործերի համար: Մենք չկարողացանք օգտվել ինչ-որ բան դեպի լավը փոխելու` մեզ ընձեռված հնարավորությունից, ազատությունը սխալ հասկացանք, ընկանք մի տեսակ էյֆորիայի մեջ: Ու լավ գործեր ներկայում կյանքի կոչված մասշտաբային նախագծերում, ինչպիսիք նախորդ դարի կեսերին եղել են` Ռոսիա կինոթատրոնը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Զվարթնոց» օդանավակայանը, Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը, պետք չէ փնտրել: Եթե ասեմ` 21-րդ դարի սկզբին հայկական ճարտարապետության մեջ ինչ նշանակալի գործեր կան, որ կարող են ընդհանուր աշխարհի ճարտարապետական դպրոցին համահունչ լինել, ապա դրանք փոքր գործեր կլինեն. փոքրիկ սրճարանի դիզայն, որևէ առանձնատուն կամ մի ճարտարապետական փոքր ձև: Իսկ պետական մրցանակներ շահող շենքերը իրականում ճարտարապետական կիսարժեք կառույցներ են: Բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք այս իրավիճակում, որովհետև բոլորս էլ քիչ ենք ձգտում, ցածր նիշ ենք բռնում, երիտասարդությանը քիչ տեղ ենք տալիս, ոնց որ ԽՄ տարիներին: Ու այս վիճակը կանխատեսելի էր. պետք չէր հանճարեղ միտք ունենալ, կամ արդի ճարտարապետության սիմվոլ համարվող տուն նախագծած Ռայթ լինել հասկանալու համար, որ Երևանում տրանսպորտի վիճակը վատ է լինելու, որովհետև դեռ 50 տարի առաջ էր կենտրոնի բեռնաթափման պլան մշակվել, բուհերը պետք է դուրս գային, բնակֆոնդը կրճատվեր: Իսկ մենք վերցրինք ու ավելացրինք, այնքան կառուցապատեցինք, որ կրակն ենք ընկել, ու պիտի քանդենք, բայց դրա համար ռեսուրս է պետք: Ամերիկայի նման երկիրը անգամ նման ռեսուրս չունի: Բայց ախր ժամանակ ենք կորցնում: Իսկ մենք՝ որպես ազգ, ժողովուրդ, կարող էինք այդ ընթացքը մեր օգտին գործածել, ինչն արեցին վրացիները, ովքեր անգամ գավառական քաղաքներում այնպիսի շինություններ կանգնեցրին, որոնց հայ ճարտարապետները կնախանձեն որակի, տեխնոլոգիաների ու ճարտարապետական ձևերի կիրառման համար: Էլ չեմ խոսում Թիֆլիսի կառուցապատման ու հնությունների հանդեպ վերաբերմունքի մասին: Մենք էն եղած փոքրիկ կոլորիտն էլ ջնջեցինք ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Գորիսում: Փոխարենը մեր ժողովրդին ցածր մակարդակի էսթետիկա մատուցեցինք, դրանով նրան իջեցրինք ներքև, ներքև` թևեր տալու փոխարեն: Վատ շենք ու վատ միջավայր հիմնեցինք ու դժգոհում ենք, թե ժողովուրդը աղբը թափում է հենց փողոցում: Արվեստի շունչ ունեցող ճարտարապետությունը մարդուն ձգում է, բռնում ձեռքը աղբը նետելիս: Պատկերացրեք՝ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մեկը աղբ գցի, այդ ճարտարապետությունը նրան կսպանի…
Տորթ-եկեղեցիների ժամանակը
Հատկապես լուծված չեն եկեղեցիների կառուցման կոմպոզիցիոն խնդիրները: Ցավալի է, երբ հավատի կառույցներն են արվում անընդունելի ձևերով` վերածվելով տորթի, ասես ոչ թե ճարտարապետի, այլ հմուտ հրուշակագործի ձեռքի աշխատանք լինեն: Ինչու՞ մենք պիտի անշնորհք ձևով կրկնօրինակենք մեր միջնադարյան ճարտարապետությունը, կրկնենք արտաքին ձևերը` մոռանալով բովանդակությունը, իմաստը: Ժամանակակից ճարտարապետը չի կարող անգամ մոտենալ այդ հին բովանդակությանը, անգամ եթե աշխարհի բոլոր հանճարեղ ճարտարապետները միանան, չեն կարողանա նույն տաղանդով կրկնել միջնադարյան հայ ճարտարապետին: Այսինքն՝ խնդիր են դնում, որն իրականացնելը ոչ միայն անիմաստ է, այլև անհնարին: Այս նորակառույց եկեղեցիները պետք է օրինակ դառնան ապագա ճարտարապետների համար, թե ինչպես չպետք է կառուցել եկեղեցին:
Քանդենք, նորից սարքենք
Ու խոսքը ոչ թե անունների, այլ երևույթի մասին է, երբ չկան կարևորագույն շինության կառուցման, նախագծման մրցութային պայմաններ, երբ չկան ոլորտը կարգավորող օրենքներ, երբ խնդիրները ժամանակին չեն լուծվում, այլ կուտակվում են, կուտակվում ու հայտնվում փակուղում: Երբ համապատասխան կարող ուժերը ընդգրկված չեն ճարտարապետության, քաղաքաշինության կազմակերպման գործում, երբ համակարգն այնպիսին է, որ իրեն հարգող ճարտարապետը չի էլ ընդգրկվի պետական կառույցներում, որտեղ դեռ պահպանվում են երկիրն այս օրվան հասցրած մեխանիզմները, երբ բիզնեսի մաս են դառնում պետական այրերը ու չհասկանալով, չընդունելով պրոֆեսիոնալի խոսքը՝ ուզում են փող աշխատելու համար շենք սարքել այնտեղ, որտեղ պետք չէ սարքել: Եվ չկան ոլորտի վերլուծությամբ զբաղվող, սխալների մոնիտորինգ անցկացնող անձինք, անգամ առայսօր չկա ճարտարապետական ոլորտը կարգավորող օրենք: Ոլորտի հույսը մնում է Ճարտարապետների միությունը, որը ամբողջ աշխարհում ճարտարապետությունը կազմակերպող, իր անդամների շահերը պաշտպանող կարևոր օղակ է, իսկ Հայաստանում՝ միայն 70-ն անց ճարտարապետների հոբելյանները նշող կառույց: Անկազմակերպ վիճակի ճարտարապետություն. սա է 21-րդ դարի հայկական ճարտարապետությունը: Հիմա մի քիչ հանգիստ ժամանակաշրջան է, ներդրումները կանգնել են, ու դա մի կողմից լավ է: Լավ է վերլուծելու, կազմակերպող ու կառավարող նոր մեխանիզմներ մշակելու համար: Համակարգը վատն է, փոխենք համակարգը, ղեկավարը վատն է, փոխենք ղեկավարին: Բայց սա կլինի այն ժամանակ, երբ մենք տեր կզգանք մեր երկրին, տեր կզգանք անգամ այդ վատին ու սխալին: Երբ որ խնդիրները մերը լինեն, մեր բոլորինս, երբ բոլորս երկրի հարստության մաս կազմենք, երկրի խնդիրների մաս կազմենք, անհրաժեշտ աշխատանքը անելու և աշխատանքից օգտվելու մաս կազմենք, երբ ծաղիկ աճեցնելու փոխարեն ավելի արդյունավետ ծախսենք մեր բյուջեն, դողանք ունեցածի վրա, հնությունների պահպանման հանդեպ մշակենք ավելի քաղաքակիրթ մոտեցում, այդ ժամանակ միայն այս երկիրը երկիր կդառնա: Բայց եթե երկրի հարստությունը 20 հոգունն է, ուրեմն երկիրն էլ նրանցն է: Դու էլ ուզում ես գնա Ռուսաստան, ուզում ես գնա Գերմանիա: Ու գնում են, գնում են կարող ուժերը, լավ վարպետներն ու շինարարները, ու այդ գնացողների 99 տոկոսը երկիր չունեցող մարդիկ են, նրանք չեն գնում օտար երկրին տեր կանգնելու, ռուսաստաններն ու եվրոպաները իրենց հայրենիքը դարձնելու, նրանք գնում են որպես օտար, անհայրենիք մարդ, որն այստեղ էլ երկրի տեր չի, այնտեղ էլ:
Երևակ ամսագիր