Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջան. Ալեքսանդր Իսկանդարյան

-  Այլևս չկա այն Մերձավոր Արևելքը,, որը կար 3-4 տարի առաջ: Ասենք օրինակ` կային բավականին լարված թուրք-սիրիական հարաբերություններ, կար Եգիպտոս, որը փորձում էր դառնալ իր տարածաշրջանի կենտրոնը, կար Իսրայել, որպես, այսպես ասած, Արևմուտքի ֆորպոստ, Սաուդյան Արաբիա և այլն: Ահա այս Մերձավոր Արևելքն այլևս չկա:  Պատից կախված քարտեզներում կան իհարկե Սիրիա, Իրաք, բայց իրականում դրանք չկան: Մեկ իրաքյան պետություն ըստ էության հիմա արդեն չկա, Իրաքը հիմա նվազագույնը 3 պետություն է, եթե ոչ ավելի: Կամ չկա այն Սիրիան, որի ողջ տարածքի վրա հաստատված էր մեկ ընդհանուր իշխանություն: Օրինակ՝ դպրոցական քարտեզի վրա չի երևում «Իսլամական պետությունը», բայց այն գոյություն ունի: Իսրայելը, իհարկե, կա որպես այդպիսին, բայց փոխվել է նրա տեղը ռեգիոնում: Ժամանակին կար թուրք-իսրայելական բլոկ, երկուսն էլ չեն եղել իրական դերակատարներ, եղել են Արևմուտքի զույգ ֆորպոստներ: Ու քանի դեռ ֆորպոստ էին, իրար հետ էլ բնականաբար համագործակցում էին: Բայց փոխվել է հիմա նաև այդ իրավիճակը: Ինչպես Եգիպտոսը, արդեն Իսրայելն էլ է ուրիշ: Ըստ դրա էլ փոխվում է ուժերի դասավորվածությունը ռեգիոնում: Պետք է մի բան հստակ գիտակցել, որ այլևս երբեք չի կարող լինել նախկին տարածաշրջանը: Երբեք չի լինի այն Մերձավոր Արևելքը, որը ձևավորվել էր 2-րդ աշխարհամարտից հետո՝ մինչև 21-րդ դարի սկիզբ: Նույնիսկ այն դեպքում, եթե, ասենք, Ասադին հաջողվի վերամիավորել Սիրիան, միևնույն է, արդեն դա կլինի բոլորովին այլ Սիրիա: Անդառնալիորեն վերացել է նաև Հալեպի ֆենոմենը` որպես առևտրային կենտրոն: Կտրուկ նվազել և շարունակում է նվազել հայկական համայնքը: Եթե Սիրիայի դեպքում դեռ ենթադրաբար ասում ենք, որ կարող է Ասադը վերահսկել ամբողջ տարածքները, ապա Իրաքի դեպքում վստահաբար կարելի է ասել, որ այլևս երբեք չի լինի մեկ միասնական պետություն: Ես քաղաքագետ եմ ու խոսում եմ քաղաքական ռեալության մասին և ակնհայտ է,, որ Իրաքը երբեք չի վերածվի մեկ միասնական պետության: 

Այն ինչ ասացի Մերձավոր Արևելքի կապակցությամբ, ինձ պարզ էր: Իսկ թե դա ինչպես կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա, ինձ համար պարզ չէ, քանի որ հնարավոր և հավանական են բազմաթիվ տարբերակներ ու սցենարներ: Մենք դեռ գտնվում ենք չավարտված խաղի մեջ, ու կախված մերձավորարևելյան զարգացումներից՝ կերևա նաև ազդեցությունը մեզ վրա: Դեռ չեմ կարող ասել, թե, շախմատային լեզվով ասած, ով ում մատ կանի ու հետևաբար ինչպես կբարդանա կամ կսրվի իրավիճակը: Ինձ թվում է ԻՊ-ը կշարունակի գոյություն ունենալ ինչ-որ տեսքով: ԻՊ-ն արդյունք է ռեգիոնալ իրադարձությունների շատ յուրատեսակ զարգացման: Նախ հիշենք, որ Մերձավոր Արևելքի պետությունները գծագրվեցին ու առաջացան 1-ին, ապա նաև 2-րդ համաշխարհային պատերազմներից հետո` ըստ արևմտյան գաղութատիրական տերությունների շահերի, հիմնականում անգլիացիների ու ֆրանսիացիների: Մերձավորարևելյան պետությունները Օսմանյան կայսրության անկումից հետո որպես բեկորներ օգտագործվեցին Արևմուտքի կողմից և որպես պետություններ  նկարվեցին հենց գաղութատերերի կողմից: Հասկանալի է, որ նման կերպով կազմված պետությունների գոյությունը հնարավոր է միայն կոշտ բռնապետության դեպքում, քանի որ այնտեղ մարդիկ միասնական ինքնության զգացողություն չեն ունեցել: Այդ պետություններն ուղղակի նկարվել են թղթի վրա: Քանի դեռ կար բռնապետական ռեժիմ, այդ պետությունները գոյություն ունեին, իսկ արաբական գարնան հարվածից հետո սկսեցին քանդվել: Անկման ժամանակ մարդիկ սկսում են խմբավորվել ըստ ազգային կամ կրոնական մոտիվների: Սունիները միավորվում, կռվում են շիաների, ալևիների կամ քրիստոնյաների դեմ: Եվ սկսվում են պատրեազմներ ու մարդիկ փորձում են հաստատել նոր միավորումներ: Վախենամ, որ քրիստոնեական Սիրիան այլևս չլինի, քրիստոնյաները համատարած արտագաղթում են այնտեղից:

Հաճախ ասում են, թե արևմտյան ուժերը ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում կանգնեցնել ԻՊ-ին, և ինչ-որ զորավոր ուժ է կազմակերպում այդ ամենը: Ոչ, իհարկե, ես չեմ սիրում դավադրության տեսությունների բոլոր այն սխեմաները, որոնցում աշխարհը ներկայացվում է այնպես, կարծես թե ինչ-որ մեկը ինչ-որ տեղ Նյու Յորքում նստած հորինել է ԻՊ-ը, Թալիբանը կամ Բոկո Հարամը: Իրականում ողջ մահմեդական աշխարհում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս մարդիկ, կառույցներ, ահաբեկչական խմբավորումներ, որոնց Եվրոպայում անվանում են տեռորիստներ կամ իսլամական տեռորիզմ: Այն, որ Արևմուտքն այդ ամենի հետ կապ ունի, դա ճիշտ է: Կապն այն է, որ Արևմուտքն աջակցում է կենտրոնական իշխանության դեմ ուղղված ապստամբություններին՝ տապալելու բռնապետական ռեժիմները: Հիշենք Սադամին, Ասադին: Բայց բանն այն է, որ ապստամբական ուժերը երբ անհնազանդ են դառնում կենտրոնանական իշխանությանը, նրանց կռիվն արդեն վերածվում է այլ բաների, քան դեմկորատիայի հաստատումն է: Նրանք արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Այդպես եղավ ժամանակին Աֆղանստանում Ալ-Քաիդայի դեպքում: Այդ բառն արաբերենից թարգմանաբար նշանակում է ճամբար: Դա մի կառույց էր, որ հիմնականում արաբական երկրներից հավաքագրում էր մարդկանց, ովքեր կկռվեին Աֆղանստանում սովետական ուժերի դեմ: Նրանց վարժեցնում էին, մարզում, զենք տալիս: Այդ ամենը արվում էր Արևմուտքի փողերով: Հետո դա դուրս եկավ հսկողությունից և վերածվեց Թալիբանի: Իսկ Սիրիայում ի՞նչ եղավ. փորձ եղավ տապալելու Ասադի վարչակազմը: Արդյունքում եղավ Իսլամական Պետությունը: 

Քաղաքական նախագիծն ուրիշ բան է, իսկ այն, ինչ կարող է ստացվել, բոլորովին ուրիշ բան: Դիկտատորը տապալվեց, բայց ժողովուրդն էլ չհաստատատեց դեմոկրատիա, սկսեցին իրար կոտորել: Հանկարծ սունիները որոշեցին, որ պետք է իրենք ղեկավարեն երկիրը, ոչ թե ալևիները, որոնք պետության մեջ 10 տոկոս են կազմում: Եվ դա անել ոչ թե ընտրություններով, որը չի ստացվում իրենց մոտ, այլ ֆիզիկական բնաջնջումով: Քրիստոնյաներն էլ ընկան նրանց երկուսի արանքում:

Հարց կարող է առաջանալ, թե ինչու Արևմուտքը չի կարողանում լիկվիդացնել ԻՊ-ին: Պատճառն այն է, որ ԻՊ-ը սոսկ ինչ-որ ահաբեկչական խմբավորում չէ: Չպետք է հասկանալ, թե 40 մարդ հավաքվել մի տեղ, պայթյուններ են անում: Դա ռեալ բանակ է, տեխնիկա է, PR է: Նայեք ինչպիսի PR են անում, որի նպատակն Արևմուտքին սարսափեցնելն է: Նրանց տարածած տեսանյութերից ակնհայտ է, որ պրոֆեսիոնալների խումբ է աշխատում՝ սկսած հագուստից, վերջացրած զոհերի հետ տարված նախնական աշխատանքներից: Իսկ պրոֆեսիոնալիզմի համար, բնականաբար, պետք է վճարել, հնարավոր է Եվրոպայից են մասնագետներ վարձակալել: Այդ ամենը հսկայական աշխատանք է ենթադրում: ԻՊ-ը ինչ-որ ավազակային խումբ չէ: Նրանք պարզապես տեռորիստներ չեն, թեև դեռ վաղ է ասել, թե պետություն են, բայց վերահսկում են բավական հսկայական տարածքներ: Եթե նրանց հաջողվել է նվաճել այդքան տարածքներ, նշանակում է բնակչության կողմից ստացել եմ աջակցություն, այլապես չէին կարողանա այդքան մեծամասշտաբ տարածքներ գրավել: Պետք է նկատել, որ նրանք հեշտ են առաջանում այն վայրերում, որտեղ սունիներ են, կարծես թե դանակը կարագի մեջ, իսկ որտեղ քրդեր են, շիաներ կամ ալևիներ, այնտեղ այդքան հաջողություններ չեն կարողանում ունենալ:

ԻՊ-ականները ըստ էության ձգտում են ստեղծել մեկ պետություն: Կստացվի թե չէ, դեռ կերևա, բայց ակնհայտ է, որ 

1. ունեն աջակցություն բնակչության կողմից,

2. ունեն գումար՝ նավթի վաճառքից գոյացած:

ԱՄՆ-ն ինքն էլ դեռ հստակ չի կողմնորոշվել ինչպես պայքարել ԻՊ-ի դեմ, զո՞րք ուղարկի, իսկ եթե առաջին 1000 ամերիակցի զինվորին մահապատժի ենթարկեն ու տարածեն տեսագրությունը, ի՞նչ ռեակցիա կտա ամերիկյան ժողովուրդը: Այս ամենը հարցեր են, որոնք դժվարացնում են գործը: Կարծում եմ` ուղղակի ռազմական ճանապարհով ԻՊ-ի հարցը լուծել չի լինի: Տեխնիկապես անհնար է հաղթել այդ մարդկանց: Դա երբեք չի ստացվել ոչ մի տեղ, ոչ Աֆղանստանում, ոչ Նիգերիայում: Թեկուզ բարդ և ծանր, բայց ըստ իս մի ուղի կա. փորձ անել նոր տարածաշրջան կառուցել: Չգիտեմ՝ դա կտևի 10 տարի, թե 50 տարի: 

Հայաստանի հրաժարումը ասոցացման պայմանագրի ստորագրունմից և մուտքը Եվրասիական միություն հետևանքն են հենց այդ Արևմուտք-Ռուսաստան դիմակայության: Վաղ թե ուշ, իհարկե, Ռուսաստանի ու Արևմուտքի փոխհարաբերության ինչ-որ մոդուս կմշակվի, այն չի լինի այնպիսին, ինչպիսին կար 3-4 տարի առաջ: Ճիշտ է, եղավ սեպտեմբերի 28, բայց եղավ և Ռիգա: Այսինքն Հայաստանը շարունակում է Արևմուտքի հետ փոխգործակցության իր ուղին` միաժամանակ պահպանելով համագործակցությունը Ռուսաստանի հետ: Դա կոչվում է կոմպլիմենտարիզմ: Հայաստանը շարունակում է իր կոմպլիմենտար քաղաքականությունը: Թե ինչքան կհաջողի, դա կախված կլինի այդ երկու ուժերի հարաբերությունների կարգավորման աստիճանաչափից: Մենք ոչ թե կորուստներ ունենք կամ կունենանք Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունից, այլ ես կասեի՝ գին ենք վճարում: Օրինակ` դու ուզում ես ունենալ հարաբերություններ Արևմուտքի հետ, դրա գինը Ռուսաստանի կասկածելի վերաբերունքը վաստակելն է հանդեպ քեզ: Ուզում ես նորմալ հարաբերություննե՞ր ունենալ Իրանի հետ, ուրեմն դու պետք է հասկանաս, թե ինչպես քեզ կվերաբերվեն ԱՄՆ-ն և Իսրայելը: Դու ուզում ես հարաբերություններ Վրաստանի՞ հետ, ուրեմն պիտի հասկանաս, որ Ռուսաստանը դրան կասկածելիորեն կնայի: Ամեն տեղ մենք գին ըստ էության պետք է վճարել: Դա նորմալ է: Դու նաև կարող ես թքած ունենալ ու ասել՝ ինչ ուզեմ կանեմ: Շատ լավ, Վրաստանը հենց այդպես էլ վարվեց ու հայտնվեց 2008 թվականի պատերազմի մեջ: 2008-ի մարտին այն ժամանակվա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բուխարեստում հայտարարեց, որ Վրաստանը պատրաստվում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Օգոստոսին ռուսական տանկերը ընդամենը 30 կմ էին հեռու Վրաստանի մայրաքաղաքից: Ահա սա է գինը: Ճիշտ է թե սխալ, թողնենք, բայց նա գին վճարեց, կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան: Սերժ Սարգսյանը կարող էր հպարտորեն ասել ոչ և էվակուացնել Ղարաբաղի բնակչությանը, ու Դոնբասն այստեղ էր լինելու: Իսկ Ուկրաինան այդ գինը վճարեց: 

 

«Երևակ» ամսագիր