Գրադարաններին պետք է հատկացվեն առանձին շենքեր եւ լինեն ցուցանակներ

Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված  գրադարանային համալիրի տնօրեն

Ծովինար Մելոյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային  գրադարանների ներկան եւ ապագան. զարգացման հեռանկարները»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Համայնքային գրադարանների հետ համեմատած մեր վարչական շրջանների գրադարաններում վիճակը մի քիչ ավելի բարվոք է, բայց մենք բոլորս ունենք  նույն խնդիրը: Առաջնահերթ է նոր գրքային ֆոնդերի համալրման հարցը: Պետական աջակցություն չունենք, որ գրքեր ձեռք բերենք: Անգամ  ընթերցողական քարտ ձեռք բերելու համար գումար չունենք: Դա է հիմնական պատճառը, որ ընթերցողներ ենք կորցնում… Տարաբնույթ, բազմապիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Անձնական ծանոթությամբ, ընթերցողների, գրողների միջոցով մի կերպ պահում ենք գրադարանը: Ի՞նչ անենք, թողնենք, որ եղած ֆոնդն էլ ոչնչանա:

Վարչական շրջանների գրադարանների մեծ մասը գտնվում են մանկապարտեզների շենքի որոշակի հատվածներում, բարձրահարկ շենքերի տակ, որը գրադարանին հարիր վիճակ չէ: Մեր գրադարանը, օրինակ, ամբողջ շենքի խնդիրն է պարտավորված լուծել, որովհետեւ գրքերը խոնավանում են, փչանում են: Գրադարաններին պետք է հատկացվեն առանձին շենքեր եւ լինեն ցուցանակներ: Մարդիկ չեն իմանում, որտեղ է գրադարանը, ուր մնաց ցանկություն հայտնեն մասնակցելու այնտեղ կազմակերպվող միջոցառումներին:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ