ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ. Ազգային տնտեսության գիտական հենքը

Երբ 1990-ական թվականներին Հայաստանն  անցավ շուկայական տնտեսաձևին, իր հետազոտությունների վեկտորը փոխեց նաև ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը. նրա հետազոտական գործունեությունն ուղղվեց պլանային էկոնոմիկայից շուկայականին անցնելու գործընթացի և ազգային էկոնոմիկայի ստեղծման  հիմունքների վերլուծությանը: Տարիների հետ ինստիտուտը իրականացրեց երկրի տնտեսական կյանքի ուսումնասիրության, վերլուծության, տվյալների հավաքագրման, դրանց հիման վրա գիտական եզրակացությունների և առաջարկների կազմման աշխատանքներ,  մշակեց տնտեսության կառավարման արդյունավետ ձևեր ու մեթոդներ: Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեության, տնտեսության զարգացման վրա նրա ունեցած դերի մասին պատմում է ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Լ Հարությունյանը:

 

ՀՀ Գիտությունների Ակադեմիան գիտական գործունեության գծով ՀՀ Կառավարության պաշտոնական խորհրդատուն է: Առաջնորդվելով այս օրենքով՝ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը հրապարակում է գրքեր ու գիտական հոդվածներ, որոնցում լուսաբանում ու վերլուծում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործնական հարցեր, մշակում համապատասխան առաջարկություններ և դրանք ներկայացնում ՀՀ կառավարությանը: Մեծ արժեք ունի հատկապես 2017թ. հրատարակված  «Ազգային տնտեսություն։ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական հետագիծը (2007-2017թթ.). Եզրակացություններ, Կիրառական առաջարկություններ» շուրջ 500 էջանոց գիրք–ժողովածուն: Այն ամփոփում է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնտեսագետ-հետազոտողների աշխատանքները, որոնք կարող են օգտակար լինել տարբեր գերատեսչությունների ռազմավարական խնդիրները լուծելիս։ Հենց այդ առաջարկությունների շնորհիվ են, օրինակ, ուժը կորցրած ճանաչվել «Պարզեցված հարկի մասին» և «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքները:

Երկրի տնտեսության զարգացման արդյունավետ ուղիներ մշակելու համար տնօրեն Վ. Հարությունյանը անչափ կարևորում է ինստիտուտի և պետական գերատեսչությունների համագործակցությունը. «Արդեն 2-րդ տարին է, որ տնտեսագիտության ինստիտուտի բազային հետազոտական թեմաներն ընտրվում են՝ հիմք ընդունելով նաև ՀՀ Կառավարության 2017 և 2018թթ. գործունեության ծրագրերը։ 2017թ. թեմաների վերաբերյալ արված եզրակացություններն ու կիրառական առաջարկությունները ներկայացվել են համապատասխան ուղղություն ունեցող գերատեսչություններին (Պետական եկամուտների կոմիտե, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Պաշտպանության նախարարություն և Միգրացիայի պետական կոմիտե)։ Նշված գերատեսչությունների արձագանքները դրական են, և նրանք պատրաստակամ են եղել քննարկումներ կազմակերպելիս` դրանցում մասնակից դարձնելով ներկայացված թեմաների ղեկավարներին։ Ավելին, եղել են նաև նախարարություններում աշխատելու առաջարկ-հրավերներ»։

Վ.Հարությունյանը նաև կարևորում է հայ ժողովրդի ժողովրդագրական և նյութական կորուստների գնահատման ու փոխհատուցման ուղղությամբ հետազոտությունների իրականացումը ինստիտուտում: Այդ հետազոտություններում պայմանագրային հիմունքներով ինստիտուտը ներգրավել է ցեղասպանագետների, պատմաբանների և իրավաբանների։  Արդյունքում 2017թ. հրատարակվել է երկու գիրք՝  պատմաբան Անի Ոսկանյանի «Ադանայի նահանգի հայերի տնտեսական վիճակը. 1909 թ. ունեզրկում» աշխատությունը, որը նվիրված է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Ադանայի նահանգի հայերի տնտեսական վիճակին, և պատմաբան Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները հայոց ցեղասպանության տարիներին» աշխատությունը, որտեղ արխիվային մեծ թվով նորահայտ վավերագրերի, հայ պարբերական մամուլի հրապարակումների, թուրքական և օտար այլ աղբյուրների հիման վրա ներկայացվել է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը, նահանգի տնտեսական կյանքում հայերի ազդեցիկ դիրքը:

«Պետք է նշեմ,-ասում է ինստիտուտի տնօրենը,-որ նման միջդիսցիպլինար հետազոտության իրականացումը եզակի երևույթ էր գիտական հանրության համար։ Տպագրված գրքերը ուղարկվել են գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ղեկավարներին, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին, բաժանմունքը ներկայացնող ինստիտուտներին, հասարակական–քաղաքական գործիչներին, ցեղասպանության հարցերով զբաղվող մասնագետներին, ՀՀ դեսպանություններ և հյուպատոսություններ, ինչպես նաև գրադարաններ, բուհեր և այլ կազմակերպություններ»։

Ընդհանուր առմամբ ինստիտուտի կողմից 2017թ. ընթացքում հրապարակվել են 10 մենագրություն, 1 գիտական հոդվածների ժողովածու, 108 գիտական հոդված։ Ինստիտուտի հետազոտական աշխատանքները հրատարակվել են «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուում,  հանրապետության և արտասահմանյան տարբեր հանդեսներում։ Հրապարակումների նման բարձր ցուցանիշները ինստիտուտի տնօրենը պայմանավորում է նաև աշխատանքային կարգապահության բարձր մակարդակով. «Դրա արդյունքում էր, որ անցյալ տարին հարուստ էր հիմնարար հետազոտությունների հիման վրա հրապարակված մենագրություններով, ժողովածուներով և հոդվածներով»։

Տնտեսագիտության ինստիտուտը էականորեն ավելացրել է նաև միջազգային հանդեսներում հրապարակված հոդվածների թիվը և այն հասցրել է շուրջ 3 տասնյակի։  «Նշված միջազգային հրապարակումների թիվը նախնական է և պետք է աճի, -ասում է Վ. Հարությունյանը,-քանի որ առավել հեղինակավոր պարբերականներում հոդվածների հրապարակումը տևում է 6-12 ամիս։ Այսինքն, 2017թ. կեսերից ուղարկված գիտական հոդվածները՝ շուրջ 10 հոդված, տպագրվելու են 2018թ. ընթացքում»։

Ինստիտուտի գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու և գիտական կադրերի շարունակական սերնդափոխություն ապահովելու համար կատարվում են անձնակազմի երիտասարդացման աշխատանքներ. «Անցյալ տարվա ընթացքում մեր գիտական անձնակազմը համալրվել է 6 երիտասարդ մասնագետներով: Միաժամանակ ինստիտուտի 4 թոշակային տարիքի մասնագետների ուղարկել ենք վաստակած հանգստի։ Բայց քանի որ մեր նպատակն է բարձրացնել հրատարակչական գործի արդյունավետությունը և լույս ընծայել միայն մնայուն ու ինստիտուտին հեղինակություն բերող գրքեր, մեզ անհրաժեշտ են ոչ թե պարզապես երիտասարդ տարիքի գիտաշխատողներ, այլ արդյունք տվող ու արդյունավետ աշխատող երիտասարդ սերնդի կադրեր։ Այլ կերպ ասած, 2018թ.-ը մեր ինստիտուտում պետք է լինի երիտասարդ գիտական անձնակազմի ձևավորման տարի: Արդյունքում կձևավորվի և կապահովվի ինստիտուտի ապագան` երիտասարդացված ու թարմացված գիտական անձնակազմով։ Այս փոխարինումը պետք է սկսել հնարավորինս շուտ, որպեսզի որոշակի տարիներ հետո ինստիտուտը չկանգնի «ծերացման» վտանգի առջև»։

Ներկայումս ինստիտուտի աշխատողների ընդհանուր թիվը 53 է, որից 40-ը գիտական աշխատողներ են, 1 ակադեմիկոս, 1 ակադեմիայի թղթակից-անդամ, 6 դոկտոր և 17 գիտության թեկնածուներ, նաև ուսումնառում են 21 ասպիրանտ և  16 հայցորդ։