Հարուստ ռեսուրսներով գյուղն ուշադրությունից դուրս է. Պարտիզակ

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գտնվող Պարտիզակը փոքր գյուղ է` խնդիրների մեծ չափաբաժնով: Նախ գյուղը չունի գյուղատնտեսության կայացման համար անհրաժեշտ երկու կարևոր նախադրյալ. ոռոգման ջուր և տեխնիկա: Արդյունքում 120 հեկտար խաղողի այգուց մնացել է 10 -15 հեկտարը, որը 2013 թ. ընդամենը մեկ անգամ է ոռոգվել: Այդ էլ այն դեպքում, որ այստեղի խաղողն ունի 35 % շաքարայնություն և խաղողագործությունն կարող էր բավական շահութաբեր լինել: Պարտիզակի հողն ու բնակլիմայական պայմանները խիստ բարենպաստ են այգեգործության, անասնապահության զարգացման համար, և ոռոգման ջրի պակասը տեղի բնակչությանը զրկում է այդ բնական նպաստավոր պայմաններից օգուտ ստանալու հնարավորությունից: Գյուղտեխնիկայի չլինելն էլ ավելի է ծանրացնում իրավիճակը: Գյուղի հրատապ խնդիրներից է նաև խմելու ջրի ներքին ցանցի վերականգնումը, որը ստանձնել է ՙՀայջրմուղ՚ ընկերությունը: 2014 թ. նախատեսվում է նաև իրականացնել գյուղի լուսավորման, բարեկարգման աշխատանքներ: Բայց գլխավոր հիմնախնդիրները` ոռոգման ջուրն ու տեխնիկայի հարցը շարունակում են հրատապ մնալ: Պարտիզակն ունի 80 տնտեսություն, 350 բնակչով: Պարտիզակի գյուղապետ Լևովա Ավագյանը հիշում է, որ այս փոքր գյուղից արցախյան հերոսամարտի ժամանակ 45 հայորդիներ են մեկնել ճակատամարտ, դպրոցն էլ կոչվում է զոհված ազատամարտիկ Ահարոն Հարությունյանի անունով. ՙՊարտիզակը շատ մեծ ներդրում է ունեցել այդ պայքարում, բայց այսօր ուշադրությունից դուրս է մնացել՚: