Հնարավոր չի սիրել հայրենիքը, առանց այն բավարար ճանաչելու

Գագիկ Գինոսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած  «Ազգային գաղափարախոսությունը  21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Եթե մենք ունեցել ենք պետական քաղաքականություն, հիմա ազգ չպիտի ունենայինք,  որովհետև 30 տարի պետական քաղաքականությունը  ազգ ոչնչացնելու գործով էր զբաղված: Ազգային գաղափարախոսությունը, եթե մի օր վերածվի  պետական գաղափարախոսության` այդ ժամանակ կունենանք հզոր պետություն: Բայց, որն է   ազգային գաղափարախոսությունը.  դա բարեկեցությունը չի, լավ տնտեսությունը չի, դա մարդու ինքնությունն է: Արդյո՞ք մենք ունենք այդ ինքնության գիտակցումը, արդյո՞ք հայ երիտասարդին տանում ենք դեպի ինքնություն, կարողանում ենք արդյո՞ք հարթել տաճար տանող ճանապարհը: Րաֆֆին ասում էր. «Հնարավոր չի սիրել հայրենիքը, առանց այն բավարար ճանաչելու»:  

Շատ կարևոր է, թե ինչն է տանելու մեզ դեպի ինքնություն, կա՞ ինքնաճանաչ սերունդ դաստիարակելու գաղափար: Եթե մենք չունենք քաղաքացու տեսլական, չենք պատկերացնում, որն է էդ քաղաքացին, որ պիտի վաղը տեր կանգնի Հայաստանին, եթե չունենք պատկերացում, թե 5, 10 տարի հետո ինչ մարտահրավեր է լինելու Հայասստանի դիմաց, ապա երեխայիս ինչպե՞ս դաստիարակեմ, որ պատրաստ լինի էդ մարդահրավերներին  դիմակայելուն, դեռ մի բան էլ հաղթահարելուն, ի՞նչ մշակույթ քարոզեմ, ի՞նչ կրթություն տամ, որը կբերի էդ քաղաքացու ձևավորմանը: Խնդիրն այն չէ, որ պետք է Խորենացու ժամանակվա հայը մնանք, այլ այն աղջամուղջն է, որ այսօր թափվում է եթերից. սրանից ավելի վտանգավոր բան, ինձ համար չկա: Երեխայիս կամ իմ աշակերտին  ինչպե՞ս դաստիարակեմ, եթե քաջալերվում է ռաբիս երաժշտությունը, ինչպե՞ս ասեմ  Կոմիտասն ով է, ինչպե՞ս բացատրեմ, որ իր ինքնությունն արժանապատիվ, ասպետական և ազնվական  տեսակն է, որը կռիվ է տարել հանուն հայրենիքի:

Մի անգամ, նախորդ իշխանության ժամանակ ասեցի, որ  Կոմիտասը եթեր է հեռարձակվում միայն ապրիլի 24-ին և, երբ երկրում որևէ իշխանավոր է մահանում ու սուգ է հայտարարված, ասեցի հետաքրքիր է հաջորդ անգամ, երբ Կոմիտաս կլսենք. բոլորը չարացած նայեցին վրաս: Դպրոցում  հերոսների նկարներ են կախված ու ես չեմ կարող երեխայիս բացատրել, թե  ինչո՞ւ Սիմոն Աչիկգյոզյանը, որը ոչ միայն մի ամբողջ գյուղ պահեց` գիտակցելով մնաց զոհվելու ու միայնակ էդ ամբողջ հասարակությունը փրկելու, հերոս չի, իսկ Էդուարդո Էռնեկյանը  հերոս է: Հերոսի կոչումը պալատական որոշումներով չի տրվում, հերոսի կոչումը, բոլոր ժամանակներում, տալիս է ժողովուրդը,  կնիքը որոշման տակ դնում է ժամանակը, պալատը արժանի չէ Կոմիտասին ժողովրդական կոչում տալու, Նժդեհին հերոսի կոչում տալու և  3 անգամ վերահուղարկավորելու, որպեսզի Նժդեհի պոչից կպած մտնեն պատմություն: Չի կարելի սեփական մանրությունը  խոշոր կերպարների հետևում թաքցնել: Հայը միշտ էլ հաղթել է և էդ բազուկը որևէ մեկը չի կարող հատել:

 «Երեւակ» լրատվավերլուծական խումբ