Աշխատատեղերով ապահովված գյուղ. Ակունք

Կոտայքի մարզի Հատիս լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 1450 մ բարձր գտնվող Ակունք համայնքի հիմնադրման ժամանակը համարվում է 1828-1829թթ, երբ այստեղ բնակություն հաստատեցին Խոյից, Սալմաստից և մասամբ էլ Նոր Բայազետից եկած հայերը: Իրականում Ակունքն ավելի հին է քան ենթադրվում է. այդ են վկայում հին գյուղատեղում հայտնաբերված կիկլոպյան ամրոցի ավերակները: Հազարամյակներ շարունակ այս տարածքը բնակության նախընտրելի վայր է համարվել առաջին հերթին առատ խմելաջրի շնորհիվ:
Ջուրը Ակունքի գլխավոր հարստությունն է, գյուղի մոտով են հոսում Քառասունակն աղբյուրները, որոնց անունով էլ ի սկզբանե կոչվել է գյուղը: Համայնքի հարստությունից օգտվում են նաև Երևան քաղաքն ու հարևան գյուղերը: Ինքը` Ակունքը, խմելու ջրով ապահովված է 90 %-ով: Գյուղի բնակլիմայական պայմանները հարմար են գյուղատնտեսական բոլոր ճյուղերը զարգացնելու համար: Ակունքում զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, պտղաբուծությամբ: Վերջին տարիներին գյուղում հիմնվել են նոր տեխնոլոգիաներով մշակվող ելակի և մորու պլանտացիաներ ու ջերմոցային տնտեսություններ, որոնք աշխատանքային զբաղվածության խնդիր են լուծում: Աշխատատեղերի պակաս Ակունքը, ի տարբերություն շատ այլ գյուղական համայնքների, չունի: Գյուղացիները աշխատում են գյուղում գործող ռեստորանային համալիրներում, ջրալցման, լիմոնադի գործարաններում, կաթնամթերքի մշակման, հյութերի արտադրամասերում: Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը նշում է, որ գյուղացիների մի մասն այնուամենայնիվ արտագնա սեզոնային աշխատանքով է իր ապրուստը հոգում. ՙՍեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գնում են ապրիլ-մայիսին վերադառնում իրենց գյուղական աշխատանքներին: Ակունքում արտագաղթ չկա, անգամ մի դեպք չի գրանցվել, որ հեռանան: Գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը աստիճանաբար բարելավվում է, ճիշտ է` ունենք անապահով ընտանիքներ, որոնց համայնքն ամեն կերպ օժանդակում է՚:
Պետական աջակցությամբ նախորդ տարի Ակունքում առողջության առաջնային պահպանման կենտրոն բացվեց, որը թե՛ արտաքին հարդարմամբ, թե՛ ներքին հագեցվածությամբ և վերապատրաստված մասնագետներով ապահովում է որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտ բոլոր պայմանները: Սա ևս գյուղի բարեկեցությանն ուղղված կարևոր ծրագիր էր: Նմանատիպ ծրագրերի իրականացումը գյուղական համայնքներում հույս է ներշնչում, որ գյուղը պետական հոգածության ներքո է: Մնում է միայն, որ նման ծրագրերը լինեն շարունակական և չանտեսվեն նաև փոքր համայնքները: